Լուրեր

Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում չորրորդ տեղում է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարում արագ խաղի 6-րդ տուրից հետո, 12 հնարավորից վաստակելով 7 միավոր, միանձնյա չորրորդ տեղում է:

Նա 5-րդ եւ 6-րդ պարտիաներում ոչ ոքի է խաղացել հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Մրցաշարում միանձնյա առաջատարը 9 միավոր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: 8-ական միավոր են վաստակել Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու ամերիկացի Ուեսլի Սոն։

Այսօր Արոնյանը կմրցի ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի եւ Լենիեր Դոմինգեսի հետ։

Նախորդ տուրերում Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, պարտվել Մագնուս Կարլսենին։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի 9 տուր եւ կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button