Լուրեր

Կարծես ծնուել է ծերացած` ծաղկէ զամբիւղը ձեռքին, կեանքը գինով է ծաղկեցրել բարի ժպիտը դէմքին. Երևան քաղաքի լեգենդը՝ Կարաբալա


Կարաբալան՝ անցորդներին ծաղիկներով զարդարող ծերուկը, Երևանի ամենահին ու լեգենդ դարձած պատմությունններից մեկն է։

Կարաբալա


Կարաբալան ծնվել էր 20-րդ դարի սկզբին (երբեմն նշում են հենց 1900 թվականը): Մանկությունն անցել էր Քանաքեռ գյուղում, ծնվել է ունևորների ընտանիքում:Նրա իսկական անունը Ստեփան Հարությունյան էր: Ճանաչողները վկայում են, որ նրա ընտանիքի սեփականությունն էին Ֆլորայի այգիները՝ այն տարածքը, որտեղ այսօր մետրոյի «Երիտասարդական» կայարանն է: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հարությունյանները կորցրին ունեցվածքը: Շուտով երիտասարդ Ստեփանն ամուսնանում է Աշխեն անունով մի աղջկա հետ, որին հանդիպել էր Ղանթարի շուկայում:

Աշխենը ծնունդով Ներքին Ախտայից էր (հիմա՝ Հրազդան քաղաք): 1926թ.ծնվեց նրանց որդին՝ Ժորժիկը: Այդ թվերին Կարաբալան բանտարկվեց (դատապարտվել էր իշխանությունների հասցեին հրապարակային մեղադրանքներ հնչեցնելու համար): Մինչ նա կրում էր իր պատիժն ու երազում այն օրվա մասին, երբ նորից կվերադառնա հարազատների մոտ, կինը որոշեց լքել ամուսնուն՝ տանելով նաև որդուն:

Բանտից դուրս գալուց հետո Կարաբալան ոչինչ չուներ: Խոսում էին այն մասին, թե իբր Աշխենը իրավապահներին ինչ-որ լուսանկարներ էր ցույց տվել, որոնք ապացուցում էին իր ամուսնու անհավատարմությունը, և այդ գնով նրանից խլել էր ոչ միայն տունն ու ունեցվածքը, այլև արգելք էր դրել որդուն տեսնելու հոր իրավունքի վրա: Դժվար է ասել, թե որքանով էին այդ ամբաստանությունները հիմնավոր, բայց Կարաբալան իսկապես զրկվեց իր զավակի հետ հանդիպելու բախտավորությունից: Ասում են նաև, որ միայն շատ տարիներ անց, երբ արդեն Ժորժիկն էր հայր դարձել, Աշխենն, այնուամենայնիվ, որոշում է ամուսնուն ցույց տալ նորածին թոռանը:

Կարաբալայի արձանը Աբովյան փողոցում

Մայր ու որդի գնում են Աբովյան փողոցի այն հատվածը, որտեղ սովորաբար կանգնում էր ծաղկավաճառը, և Կարաբալան դողդողացող ձեռքերով կրծքին է սեղմում փոքրիկ Լևոնին՝ իր կյանքի ամենաթանկ ու ամենագեղեցիկ ծաղիկը: Նա դեռ չգիտեր, որ երեխային տեսնում էր առաջին և վերջին անգամ: Համաձայն լեգենդի` Կարաբալան վախճանվել է հենց փողոցում: Ձմռան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրա: Նրա գերեզմանի տեղը նույնիսկ հարազատները չգիտեն: Մահվան տարեթիվ է նշվում 1970թ:


1995թ. քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Երևանին վերադարձրեց արդեն արձանացած Կարաբալային` զամբյուղը թևին, ծաղիկը` մատների մեջ…

Ցուցադրել ավելի
Back to top button