Լուրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի կես միլիոն ԱՄՆ դոլար

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Մինչ օրակարգի հարցերի քննությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք է բարձրացվել հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։

Ժողովին անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի և հայոց բանակի աջակցությանն ուղղված՝ Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկվելիք քայլերին։

Վեհափառ Հայրապետը ժողովականներին տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ է Արցախի թեմի առաջնորդ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում ԳՀԽ անդամները կարևորել են թեմերի աշխատանքը Քույր Եկեղեցիների, միջեկեղեցական ու միջկրոնական կազմակերպությունների հետ։ Առանձին քննարկման նյութ է դարձել գնդերեցների ծառայության և այս օրերին նրանց շարքերը համալրող, թեմերից Արցախ մեկնող եկեղեցականների հարցը։

Այս առնչությամբ տեղեկացրվել է, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ և թեմերում սպասավորող եկեղեցականներ իբրև կամավորներ արդեն Արցախում են։ Ժողովի ընթացքում ցուցումներ են տրվել վիրավոր զինվորների, զոհվածների ընտանիքների նկատմամբ հովվական խնամքի վերաբերյալ, կարևորվեց թեմերի համագործակցությունը ՀՀ Պաշտպանության նախարարության պատկան կառույցների հետ։

Ի զորակցություն Արցախի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել կես միլիոն ԱՄՆ դոլար գումար։

Ցուցադրել ավելի
Back to top button