Լուրեր

Արցախի հարցը Հունաստանի և Կանադայի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպման օրակարգում է

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն այսօր Աթենքում կհանդիպի իր կանադացի գործընկերոջ` Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի հետ, այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանի ԱԳՆ-ը:

Երկկողմ բանակցություններում կքննարկվեն Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունները, Լեռնային Ղարաբաղին, Հունաստան-Կանադա համագործակցությանը վերաբերող հարցերը՝ ՆԱՏՕ-ի համատեքստում, և ԵՄ-Կանադա հարաբերությունները:

Անցյալ շաբաթ Թուրքիան մեղադրել էր Կանադային երկակի ստանդարտների մեջ այն բանից հետո, երբ Օտտավան դադարեցրեց զենքի արտահանումը Թուրքիա, քանի որ հետաքննում էր կանադական տեխնոլոգիաների օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանն անցած երկուշաբթի հայտարարել էր, որ կասեցրել է հակամարտությունում Ադրբեջանին սատարող Թուրքիա արտահանման թույլտվությունները ՝ համաձայն Կանադայի արտահանման վերահսկման ռեժիմի: Նա ասել էր, որ իր նախարարությանը հանձնարարել է հետաքննել այն պնդումները, թե անօդաչու սարքերի կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են մարտերում:

Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից Կանադային մեղադրել էր Թուրքիա ռազմական տեխնիկա արտահանելու հարցում խոչընդոտներ ստեղծելու մեջ, որը «չի համապատասխանում դաշինքի ոգուն»:

Թուրքիայի ԱԳՆ-ը  հայտարարել էր, որ «խստորեն» իրականացնում են արտահանման վերահսկման ռեժիմից բխող պարտավորությունները և Կանադային մեղադրել էր «երկակի ստանդարտների եւ ադրբեջանական հողերի 30 տարի շարունակվող հայկական օկուպացիայի փաստի անտեսման համար»:

«Կանադայի իշխանությունները պետք է դուրս գան հակաթուրքական շրջանակների ազդեցությունից եւ չաշխատեն նեղ քաղաքական նպատակներով»,- ասվում էր հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button