Լուրեր

ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում եռօրյա սուգ է․ ինչ է արգելվում սգո օրերին

Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 40-րդ օրը:

Պաշտոնապես հայտարարված սգո արարողության շրջանակում քաղաքացիները հարգանքի տուրք կմատուցեն «Եռաբլուր» պանթեոնում: Այսօր՝ ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի պատերազմում զոհվածների հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր: 

Եռօրյա սուգ հայտարարելու վարչապետի որոշման մեջ նշված է, որ համայնքային ղեկավարները պետք է ապահովեն «Հայաստանի դրոշի մասին» օրենքի կատարումը: Այն ենթադրում է՝ Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցում սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ: Դրոշի վերևի հատվածում պետք է ամրացվի սև ժապավեն:

Սգո օրերին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:

Դեկտեմբերի 20-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Հայաստանի եկեղեցիներում՝ Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button