Լուրեր

Գտնված հերոսների վերադարձը

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում 70 օր անհայտության մեջ մնացած և Հայրենիք վերադարձած ժամկետային ծառայողներին ծնողները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱՀ ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն: Զինծառայողներն առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնբում են ՀՀ ԱԻՊԾ-ից։

«Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝

Արսեն Կարենի Այվազյանը,

Դավիթ Գեղամի Սահակյանը,

Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը,

Արթուր Գարիկի Հարությունյանը,

Արման Արշակի Արմաղանյանը և

Ռուսլան Սարգիսի Թումանյանը

քիչ առաջ վերադարձան Հայրենիք:

Տղաները բուժզննման կարիք ունեն: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ծնողների հետ մեկտեղ հերոսներին ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն:

Վերջիններս առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:

Նախագահ Հարությունյանը և ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանն իրենց երախտագիտությունն են հայտնել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրն ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին:

Կարեն Սարգսյանը զրուցել է նաև անհետ կորած կամ գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ, վստահեցրել, որ ինչպես ծառայությունը՝ որպես գործուն մասնակից, այնպես էլ բանակցող կողմերը գործի են դրել ամբողջ ներուժը որպեսզի օր առաջ բոլոր գերեվարված զինծառայողները վերադարձվեն հայրենիք իսկ անհետ կորածների ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ամեն օր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button