Լուրեր

«Սև հովազը»․ Համազասպ Բաբաջանյան

1906 թվականի փետրվարի 18-ին Արցախում՝ Խաչիսար, հետագայում Չարդախլու անունով գյուղում է ծնվել հայ մարշալներից մեկը՝ Խորհրդային բանակի զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը։
Երևի ռազմիկներ ծնելու անսովոր մի զորություն է ունեցել այս հողը․ այստեղ են ծնվել նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից 12 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս:
«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որի նմանը չկա ամբողջ աշխարհում, և նրա կարոտը հաճախ է ձգում ինձ դեպի իրեն՝ դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»,-գրել է Համազասպ Բաբաջանյանն իր ծննդավայրի մասին։ Ռազմական մասնագետի ուղին անցած ու պատերազմում զինվորականի իր բնատուր կոչումը ամրագրած մարշալի կենսագրությունը, իհարկե, չենք կարող ներկայացնել ամբողջությամբ, բայց կենսագրության մի դրվագ առանձնացրել ենք։

Ասում են, որ մանկական տարիներին անհանգիստ, ըմբոստ ու կռվարար է եղել փոքրիկ Համազասպը։ Այդ ըմբոստությունն ի հայտ է եկել նաև արդեն հասուն տարիքում՝ իր համար վտանգավոր իրավիճակներում։
Այդպիսի մի իրավիճակ էլ ստեղծվել էր հենց Հայրենական պատերազմի տարիներին։
1942 թ. նոյեմբերին պարզվեց, որ Բաբաջանյանի գլխավորած տանկային բրիգադը Ստալինգրադի մոտ մեկ օր ժամանակ ունի հարձակման պատրաստվելու։
Ժամանակը քիչ էր, ու հանկարծ, ասես դիտավորյալ, նոր հրաման․ հարձակումը սկսել բառացիորեն երկու ժամից: Սպային, որն այդ հաղորդագրությունը փոխանցեց, Բաբաջանյանը քիչ էր մնում ծեծեր: Նա հասկանում էր, որ
այդպես անպատրաստ բրիգադը ճակատամարտի ուղարկելը պարզապես կործանում է: Բաբաջանյանը հայտարարեց, որ հրամանն անհնար է կատարել, և ինքը հրաժարվում է այն իրագործել։


Շատ արագ տանկային բրիգադի գտնվելու վայր ժամանեց սպայական մի խումբ ավտոմատավորների հետ, որպեսզի անհնազանդ հրամանատարին հանձնեն զինվորական տրիբունալի նախագահին: Այդ նախագահը գեներալ-լեյտենանտ Յուշկևիչն էր, որի առաջին հարցն այն էր, թե ինչու է Բաբաջանյանը հրաժարվում հրամանը կատարել։ Բաբաջանյանի բացատրությունը՝ այն,որ անմիջապես կռվելը նշանակում է բրիգադի կործանում, միանգամայն խելամիտ թվաց , և գործն ավարտվեց հաջորդ օրվա հարձակման համատեղ քննարկմամբ։ Այս համարձակ ու կշռադատված ընդվզման արդյունքում հենց հաջորդ առավոտյան թշնամու պաշտպանությունը ճեղքվեց 12 կմ խորության վրա: Դա Խորհրդային բանակի հարձակման սկիզբն էր ողջ ճակատով` Կովկասից մինչև Լենինգրադ:

Ի դեպ, տանկային արագ և համարձակ հարձակումների համար գերմանացիները Համազասպ Բաբաջանյանին «Սև հովազ» էին անվանում, իսկ հայտնի՝ «Թո՛ւյլ տվեք, և ես կվերադարձնեմ Արևմտյան Հայաստանը»,– խոսքերի հեղինակն էլ Համազասպ Բաբաջանյանն է:

Ցուցադրել ավելի
Back to top button