Լուրեր

Նռնաձորում արոտավայրերից ու այգիներից օգտվելը դարձել է լրջագույն խնդիր

ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Նռնաձոր գյուղ:

Բարձրաբերձ լեռներով ու Արաքսի կիրճով տարածաշրջանի մյուս գյուղերից կտրված Նռնաձոր գյուղի բնակիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել Աննա Գրիգորյանին և թվարկել այն կարևորագույն խնդիրները, որոնց լուծումը պետք է օր առաջ տա կառավարությունը:

Վերջին իրադարձություններից հետո Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր բնակավայրը առավել խոցելի է դարձել` անմիջապես հայտնվելով թշնամու նշանառության տակ, ինչը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների` հարցականի տակ դնելով գյուղացու անվտանգությունը:

150 բնակիչ ունեցող գյուղի համար մերձակա արոտավայրերից ու այգիներից օգտվելը դարձել է լրջագույն խնդիր: Բնակավայրի հիմնախնդիրներից է նաև ոռոգման ջրի հարցը, խնդրի լուծման համար անհրաժեշտ են նոր խողովակաշարեր:

Գյուղացու համար նոր գլխացավանք են դարձել ականապատված արոտավայրերը, իսկ արոտավայրերի որոշ տարածքներում էլ կառուցվել են դիրքեր: Առանց այն էլ սակավահող բնակավայրում 140 հա-ից ավելի հող 1990-ականներից գտնվում է Արդարադատության նախարարության տրամադրության տակ: 85 հա հող էլ մարդիկ ձեռք էին բերել այգի հիմնելու համար, բայց այդ ծրագրերի ճակատագիրն առայժմ մշուշոտ է:

Ստեղծված անորոշ իրականության պայմաններում աննպատակահարմար է դարձել 2021 թվականին նախատեսված Նռնաձոր-Շվանիձոր ճանապարհի կառուցման ծրագիրը, ինչի արդյունքում այժմ արդիական է դառնում նոր ծրագրով` այլընտրանքային ճանապարհի կառուցումը:

Քանի դեռ երկաթգծի` Նռնաձորի սահմաններով անցնելու հարցն օրակարգում է, իսկ անվտանգության բավարար երաշխիքներ դեռ չկան, բնակիչներն իրենց այստեղ ապահով չեն զգում:

Չնայած վերոնշյալ խնդիրներին` գյուղում բնակչության արտահոսք չի դիտվում, բնակիչները սյունեցուն հարիր համառությամբ ամուր կանգնած են իրենց հողին և համոզված են, որ շուտով կլուծվեն բոլոր հիմնահարցերը:

Ցուցադրել ավելի
Back to top button