Լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն բնակավայրում մոդուլային դպրոց է կառուցվում

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Լուսակն բնակավայրում մոդուլային դպրոց է կառուցվում: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է շինհրապարակ և մասնակցել հիմնարկեքի արարողությանը:

«Երբ որոշվում էր, թե որ դպրոցներն ընդգրկվի ծրագրում, իմ կողմից նախապատվություն է տրվել ցանկում ներառել հնարավորինս հեռավոր համայնքների դպրոցներ: Սա նպատակ ունի հեռավոր և սահմանին մոտ գտնվող բնակավայրերի աշակերտների համար ապահովել մայրաքաղաքի դպրոցներին հավասար ու դեռ էլ ավելի լավ կրթական պայմաններ, որպեսզի այստեղ ապրող երեխաները հնարավորություն ունենան ստանալ որակյալ կրթություն և նպատակ չունենան թողնել իրենց հայրենի բնակավայրը: Սիրելի՛ երեխաներ, ապագան ձերն է, վաղվա գիտնականը, հոգևորականը, գործարարը, պաշտոնյան դուք եք: Իմացեք, որ չկա ավելի լավ տեղ քան մեր երկիրն ու ձեր գյուղն է, և մենք պետք է շենացնենք ձեր ու մյուս բոլոր բնակավայրը, որ ապագան այստեղ էլ ավելի լավը լինի»,-ասել է մարզպետը:

Լուսակնի միջնակարգ դպրոց են հաճախում 46 աշակերտներ: Լուսակն բնակավայրում հետխորհրդային տարիներից ի վեր դպրոցաշինության ծրագիր չի իրականացվել, աշակերտների կրթությունը կազմակերպելու համար դպրոցը տեղակայվել է բնակելի տանը: Նորակառույց դպրոցի բացմամբ լուսակնեցի աշակերտները կհաճախեն բարեկարգ ու հարմարավետ կրթօջախ:

Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, այժմ ընթանում է հիմքի կառուցման գործընթացը: Նորակառույց դպրոցում առկա կլինեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հարմարավետ դասասենյակներ, առարկայական լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բացօթյա սպորտհրապարակ: Կտեղադրվեն նաև արևային կայաններ:

Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում, արժեքը շուրջ 540մլն դրամ է:

Մոդուլային դպրոցները նախատեսված են մինչև 100 աշակերտի համար: Ընտրվել են այն դպրոցները, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսմակայունության խնդիրներ և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button