Լուրեր

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին մայրաքաղաքին և մարզերին կտրամադրվի 300.000 տնկի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։

Քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական  ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով ներկաներին, նախարարը նախ ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն  առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։

Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․

  • 100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
  • 200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը ներկայացրել է նախատեսված տնկանյութի բաշխումն ըստ մարզերի․

  • Ք․ Երևան – 25.000
  • Արագածոտնի մարզ – 7000,
  • Արարտի մարզ- 7000,
  • Արմավիրի մարզ – 6000,
  • Գեղարքունիքի մարզ –8000,
  • Կոտայքի մարզ – 10.000,
  • Լոռու մարզ-7000,
  • Շիրակի մարզ – 10.000,
  • Սյունիքի մարզ – 7000,
  • Տավուշի մարզ – 6000,
  • Վայոց ձորի մարզ – 7000։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը ներկայացրել է տնկվող ծառատեսակները՝ կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի, խնձորենի և տնկման համար նախատեսված տարածքներն ըստ հեկտարների։ Նա տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստ են օժանդակել տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։

Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։

Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը՝ ծառատունկի անցկացման վայրերի և մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային և անտառային տունկի համակարգողների կոնտակտները։

Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝  [email protected],  հեռ․՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։

Ցուցադրել ավելի
Back to top button