Մեկնարկ

Փոփոխություններ բերելու ժամանակը. Մեկնարկ

2020 թվականի հոկտեմբերից մեկնարկել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի մասնագետների հավաքագրման գործընթացը, որը կավարտվի ս․թ․ ապրիլի 30-ին։
«Մեկնարկ» ծրագրի հյուրերը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շրջանավարտ-դեսպան Արմինե Գևորգյանը և հիմնադրամի հավաքագրման ղեկավար Գոռ Նազարյանն են։

Գ․ Նազարյան

«Այս ծրագրի շրջանակում հավաքագրում ենք տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք պատրաստակամություն են հայտնում ներգրավվելու մեր ծրագրին, անցնելու համապարփակ վերապատրաստման ծրագիր և տեղափոխվելու, գործուղվելու մարզային համայնքներ, որտեղ կդասավանդեն դպրոցներում, արտադասարանային խմբակներում և կիրականացնեն համայնքային զարգացման ծրագրեր։ Սա՝ հաշվի առնելով ուսուցիչների այն մեծ կարիքը, որ ունենք մեր մարզային համայնքներում, երբ 100-ավոր հաստիքների բաց մնալու պատճառով 1000-ավոր աշակերտներ զրկված են լինում անցնելու այն դպրոցական ծրագիրը, ստանալու այն դպրոցական կրթությունը, որը նախատեսված է նրանց համար։
Ի՞նչ է պետք ծրագրին մասնակցելու համար։ Առաջնահերթ պայմանը ցանկությունն է նոր բան սովորելու, փոփոխություններ բերելու, որոնց կարիքը շատ կա մեր համայնքներում և, իհարկե, տոկունությունն ու պատրաստակամությունը։
․․․Մեր պետության ու հասարակության համար այս պատմական ժամանակաշրջանում, երբ բոլորս մտածում ենք՝ ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ լինի մեր երկրի համար, մեր տեսանկյունից շատ հարցերի արմատական պատասխանները կրթության ոլորտում են։ Եվ եթե մենք ուզում ենք ոչ թե մակերեսային, այլ խորքային փոփոխություններ ունենալ, ապա կրթության ոլորտն այն ուղին է, որից պետք է սկսել»։

Ա․ Գևորգյան

««Դասավանդի՛ր, Հայաստանի» հետ իմ ճանապարհն սկսել եմ առաջին իսկ տարվանից․ հիմնադրամի առաջին սերնդի շրջանավարտներից եմ, ինչի մասին մեծ հպարտությամբ եմ խոսում։
Ինձ համար սա ոչ թե մարտահրավեր էր, այլ շատ լավ հնարավորություն՝ հասկանալու, թե ինչպես կարող ես համայնքային դպրոցի մասնիկ դառնալ։ Դրա միջոցով ես ինքս շատ կարևոր հմտություններ ձեռք բերեցի։
Իմ առաջին խորհուրդը, որ կտամ այս տարվա դիմորդներին․ նախ՝ սա ինքդ քեզ բացահայտելու հնարավորություն ստեղծել է, որ տեսնես, թե ինչ ներուժ ունես, ինչեր կարող ես անել և՛ համայնքի համար, և՛ ինքդ քեզ վերափոխելու համար։ Դա ինձ համար ծրագրի մեջ լինելու ամենակարևոր մոտիվացիան է եղել։
Եվ երկրորդ՝ երեխաների հետ աշխատանքը, որը ամենակարևոր աշխատանքն է։ Երեխաների, հատկապես մեր համայնքների երեխաների շնորհակալական հայացքների հետ երբևէ ոչ մի բան չի կարող համեմատվել, և քո ազդեցությունը նրանց վրա դու անգամ տարիներ հետո զգում ես։
Իմ ծննդյան օրվա ամենամեծ նվերը իմ 36 աշակերտներից ստացվող շնորհավորական նամակներն ու զանգերն են անգամ հիմա՝ տարիներ անց, երբ վաղուց արդեն ավարտել են դպրոցը»։

Ցուցադրել ավելի
Back to top button