Լուրեր

Համերգային երեկո` նվիրված հուշարձանների պահպանությանը

Ապրիլի 27-ին ժամը 19:00-ին, սբ. Աննա եկեղեցու բակում կանցկացնի բացօթյա համերգային երեկո, որի ժամանակ հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Ագապէ» կամերային երգչախումբը (իգական կազմ) և Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը:

Համերգային ծրագրի ընթացքում կհանրայնացվի պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստի» հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է նախագծի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը. յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր մասնակցությունն ունենալ հուշարձանների պահպանությանը:

Բացօթյա համերգային երեկոն կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է նաև «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովը տեղի կունենա 2021թ. ապրիլի 27-ին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Համաժողովին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում բարձրացնել հասարակության իրազեկվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button