Լուրեր

«Դասավանդի’ր, Հայաստան»-ը դիմումներ է ընդունում մասնագետ-մանկավարժների՝ Արցախ տեղափոխվելու համար

«Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամը ինչպես մինչպատերազմյան, այնպես էլ բուն պատերազմի և հետպատերազմյան փուլերում շարունակական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետության հանրակրթության կազմակերպմանը՝ խթանելով Հայաստանից և սփյուռքից մասնագետ-մանկավարժների ներհոսքին՝ դեպի արցախյան դպրոցներ՝ լրացնելով հատկապես բնագիտական, մաթեմատիկական և օտար լեզուների ոլորտում առկա մեծ բացը և ներդնելով փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն մեր երեխաների համար։

Հիմնադրամը, Արցախի համար այս ճգնաժամային փուլում, շարունակում է կրթությունը դիտարկել որպես առաջնահերթություն և երկարաժամկետ ներդրում՝ մեր երկրի ապագայի կառուցման գործում։ Նպատակ հետապնդելով լրացնել դպրոցներում բնագիտամաթեմատիկական և օտար լեզուների ուղղվածությամբ մասնագետների կարիքը, ինչպես նաև աջակցել ԱՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 13 -ի N 97/Մ հրամանով սահմանված երկարօրյա կրթության ծրագրի ներդրմանը ՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը հայտարարում է Տեղափոխման և վերակառուցման օժանդակության ֆինանսական օժանդակության ծրագրի մասին Հայաստանի և սփյուռքի այն մասնագետների համար, ովքեր ցանկություն կհայտնեն դիմելու Հիմնադրամի երկամյա դասավանդման և առաջնորդության զարգացման ծրագրին՝ հատուկ Արցախի դպրոցներում ներգրավվելու նպատակով։

Ֆինանսական օժանդակության շրջանակներում Արցախ տեղափոխվելու պատրաստակամություն հայտնած և ընտրության փուլերը հաղթահարած ուսուցիչներին տրամադրվելու է ինչպես ամսական օժանդակություն` 200,000 ՀՀ դրամի չափով, այնպես էլ 500,000-ական ՀՀ դրամ՝ տեղափոխման և վերակառուցման նպատակով։ Ծրագրին մասնակից ուսուցիչները կատարելու են ոչ միայն մանկավարժական, այլ նաև համայնքային զարգացման աշխատանքներ: Գործում են պայմաններ և դրույթներ Ծրագրին դիմելու և շահառու դառնալու համար։ Դրանց ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել «Դասավանդի’ր, Հայաստան»  կայքէջ։

Դիմումները վերջնաժամկետն է՝ ս.թ. Մայիսի 10-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button