Լուրեր

Գրաբուսը մեկնել էր Տավուշ

Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և Հայաստանի ազգային գրադարանին ի պահ տրված մեծաքանակ գրականության բաշխման գործընթացը:

Այս անգամ Գրաբուսը մեկնել էր Տավուշի մարզ։ Գրականությունը հանձնվել է մարզպետարանին, որտեղից էլ մարզի համայնքային և դպրոցական գրադարանները կստանան իրենց հասանելիք օրինակները։ Այս ծրագիրը նպատակ է հետապնդում լուծել մարզերի համայնքային և դպրոցական գրադարանների համալրման խնդիրները՝ աշխուժացնելով գրադարանների գործունեությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանը նախատեսել է այցելություններ ՀՀ 7 մարզեր: Այս պահին արդեն գրականության բաշխում իրականացել է ՀՀ 3 մարզերում՝ Արարատ, Կոտայք և Տավուշ մարզեր։

Դեռևս 2020թ. փետրվարին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին նվիրել վերջին տարիներին հրատարակված գրքեր։ Ըստ նախաձեռնության՝ 50.000 գիրք պետք է բաշխվեր շուրջ 1300 դպրոցական գրադարանների: Համավարակով պայմանավորված՝ գործընթացը ընդհատվել էր, սակայն Պարետի որոշմամբ գրադարանների վերաբացումից հետո գրքերը կհասնեն գրադարաններին։ Դպրոցական գրադարանները, բացի դպրոցական դասագրքերից, երբևէ չեն համալրվել գեղարվեստական գրականությամբ:

Գրադարաններին տրամադրվող գրականության ցանկը ներառում է հայ դասական և ժամանակակից գրողների, հանրագիտարանային և հանրամատչելի, մշակութաբանական, պատմական գրականություն, պատկերագրքեր և այլ հրատարակություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակում Տավուշի մարզպետարանին տրամադրված 2800 միավոր գրականությունը կբաշխվի մարզի դպրոցական գրադարաններին:

Ազգային գրադարանի աշխատակիցները եղել են նաև Դիլիջանի Ղ. Աղայանի անվան կենտրոնական գրադարանում։ ՀԱԳ գրքափոխանակության հավաքածուից 38 միավոր գրականություն նվիրաբերվել է կենտրոնական գրադարանին։

Ցուցադրել ավելի
Back to top button