Լուրեր

Շուշիի տանկը` սրբատեղի

Անահիտ Հայրապետյան
«Արցախ» լրատվական

«Ավտոմատն ինձ համար չէ, ես տանկիստ եմ»,-ասում էր 1992 թվականին Շուշի մտնող առաջին տանկի մեխանիկ-վարորդ Աշոտ Ավանեսյանը։ Շատերին գուցե այս անունը ծանոթ է տան-հուշակոթողի արձանագրությունից։ Բայց քչերը գիտեն, որ տանկի սիրահար է դեռ խորհրդային բանակում ծառայելու տարիներից։

Քրոջ՝ Էմմա Ավանեսյանի վկայությամբ, տանկով շրջել էր Կալինինգրադի փողոցներից մեկում, մի անգամ էլ ուսումնական վարժանքի ժամանակ մի քանի օր մնացել անտառում․ «Մի քանի օր մնացալն էդ անտառումը, հետո կարողացել են դուրս գալ ու հասնել իրենց մարտական կետ։ Բանակից միշտ շնորհակալագրեր ենք ստացել»,-պատմում է։

Աշոտը տան փոքրն էր, դրանից ելնելով՝ ամենասիրվածը։ Իսկ բնավորության համեստությունն ու խստությունը դպրոցական հասակից էին ուղեկցում իրեն։ Պատերազմի առաջին օրերից շարքում էր․ սկզբում մանկության ընկերների հետ, հետո նորից տանկում։

Էմման հիշում է. «Ես լացում էի, ասում էի` Աշոտ, թող բոլորը գնան, հետո էլ դու, ասում էր` ամոթ չի վեր տիյս ասում, ես վեր քինամ վեչ հուվա քինան․․․»: Մայիսյան այդ օրերին ընտանիքը գյուղից եկել էր Ստեփանակերտ, կարծես հրաժեշտի, 1992 թվականի մայիսի 5-ին Աշոտ Ավանեսյանը վերջին անգամ տանն էր։ Առաջին ու վերջին անգամ յոթ ամսական որդուց լսեց պապա բառը։

Հեռացավ՝ վերադարձի հույսով, հիշում է կինը՝ Ստելա Ավանեսյանը։ «Այդ ամբողջ օրը որդիս պապ էր ասում․․․: Աշոտը եկավ, լսեց, շատ ուրախացավ․․․շատ էր սպասում, որ առաջինը պապա պիտի ասեր, ու գնաց»։

Աշոտ Ավանեսյանը հաճախ էր ասում, որ հաղթական դրոշն ինքը պիտի բարձրացնի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթ, ուստի առաջինն ինքը շտապեց Շուշի մտնել։ Դրոշը հասավ Շուշիիի բարձունքին, իսկ ինքը հավերժ տանկիստ մնաց։ Մարտադաշտում դեմ դիմաց կանգնած մեր ու թշնամու տանկերը միասին կրակեցին․Աշոտը վճռեց` թշնամական տանկը պետք է իր տանկով ձորը գլորի, բայց չհասցրեց։


Տանկի անձնակազմի հրամանատար Գագիկ Ավշարյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում պատմում է. «Որոշեցի, որ բոլորս էլ պիտի դուրս գանք․․․ մեր տանկն արդեն վառվում էր, մենք էլ ծխի մեջ կորել էինք: Կրակոցի ալիքն ինձ օդ բարձրացրեց ու ես ընկա` անգիտակից, վիրավոր ու այրված: Երբ աչքերս բացեցի` տեսա Աշոտին, որ դուրս էր գալիս տանկից: Մենք չգիտեինք, որ Շահենը մնացել է տանկի ներսում: Ես դուրս գալու հրաման էի տվել: Հետո հասկացանք, որ երրորդ կրակոցը Շահենին տեղնուտեղը խոցել էր: Աշոտին տեսնելով` փորձեցի վեր կենալ, ընդառաջ գնալ նրան: Բայց այդ պահին գնդացիրը սկսեց աշխատել: Աշոտն ընկավ գնդացրի կրակից»։

Մահվան լուրը ոչ ոք չէր համարձակվում հայտնել ընտանիքին։ Կինը հիշում է , որ մայիսի 9-ին իրենց բակում միայն նա էր բացակայում։ «Ասում էի Հովիկ, էսա մեր պապան էլ կգա,․․․ բոլորը շրջվում էին, չէին ուզում տեսնեմ, հետո մեր բակի պապիկներից մեկը ասաց, որ Աշոտը էլ չկա»։

Աշոտ Ավանեսյանի որդին՝ Հովիկը, հորը հիշում է ընկերների պատմածով, հարազատների հիշողություններով։ Ասում է` Շուշին իր համար այլ նշանակություն ունի, այնտեղ է իր կյանքի ամենաթանկ անկյունը․ Շուշիի տանկ-հուշակոթողը, սրբատեղի, որտեղ ամեն անգամ գնում է հոր օրհնությունը ստանալու։ Ասում է` որդու՝ Աշոտի հետ պիտի Շուշիում տուն կառուցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button