Լուրեր

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական վայրերի պղծումը` ԱՄՆ նոր զեկույցում

Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ զեկույցում ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մատնանշում է հայկական մշակութային և կրոնական վայրերի վանդալիզմը այն տարածքներում, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Հայ պաշտոնյաները, հոգևոր առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կապակցությամբ, քանի որ տարածքներն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ», — նշվում է զեկույցում:

Մեջբերվում է Human Rights Watch զեկույցից, որում նշված է հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծման մասին: «Հարձակման ընթացքում տեղում գտնվող լրագրողները հայտնել են, որ երկու հարված է հասցվել՝ բարձր ճշգրտության հրթիռներից: Հաղորդվում է, որ որևէ ապացույց չկա, որ եկեղեցին օգտագործվել է ռազմական նպատակներով: Հոկտեմբերի 26-ի հարցազրույցում նախագահ Ալիևը հերքել է եկեղեցին նպատակային ռմբակոծումը` ասելով, որ այն ռմբակոծվել է պատահականորեն կամ արվել է հենց հայերի կողմից` Ադրբեջանը մեղադրելու համար:

Այնուհետև նշվում է, որ հայ հոգևորականները մեղադրում են Ադրբեջանի ուժերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը պղծելու մեջ: «Աշնանային մարտերի ընթացքում և դրանից հետո շրջանառվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տվել հարձակումներ և վանդալիզմ մշակութային և կրոնական օբյեկտների վրա: Այս տեսանյութերից հետո հայ պաշտոնյաները, հոգևոր առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լուրջ մտահոգություն են հայտնել ադրբեջանական վերահսկողության տակ անցած հուշարձանների պահպանության հարցում: Հրադադարից հետո Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները խնդրել են, որ ռուս խաղաղապահները պաշտպանեն Քելբաջարի [Քարվաճառի] շրջանում գտնվող միջնադարյան Դադիվանք վանքը», — նշվում է զեկույցում:

Հանձնաժողովը անդրադարձել է նաև Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան ոչնչացմանը (հայտնի է նաև որպես Կանաչ ժամ/Կանաչ եկեղեցի): Կան նաև տեսանյութեր, թե ինչպես են զինվորները պղծում և վնասում Մեխակավան բնակավայրում գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ցուցադրել ավելի
Back to top button