Հայրիկի դասերը

Դիպլոմը դատավճիռ չէ․ Հայրիկի դասերը

Գիտե՞ք ով էր Ռոդ Ստյուարտը մինչև աշխարհահռչակ երգիչ դառնալը․․․գերեզմանափոր։ Դերասան Հարիսոն Ֆորդը, Ինդիանա Ջոնսը՝ հյուսն էր։ Նիկոլ Քիդմանը՝ մերսող, «մասաժիստ»։ Ջորջ Քլունին՝ բեյսբոլիստ ։ Սիլվեստեր Ստալոնեն առյուծների վանդակներ էր մաքրում, իսկ Ջոնի Դեփը գրիչ էր վաճառում։

էսօր որոշել եմ զրուցել մի էնպիսի բարդ թեմայի շուրջ, ինչպիսին մարդու կոչումն է էս կյանքում, կոչումը կամ անելիքը, գուցե, էսպես ասենք։ Իսկ որպեսզի ավելի պարզ լինի ասածս, էս դեպքում կոչումը եկեք հավասարեցնենք մասնագիտության ընտրությանը։ Թեև, հենց դրանից էլ ոմանց մոտ սկսվում է մտատանջությունների, փնտրտուքի, հակասական ապրումների շրջանը, որը կարող է երկար տևել, բավական երկար, ոմանց համար՝ նույնիսկ ողջ կյանքը։
Իհարկե, միջին վիճակագրական մարդը միշտ էլ ժամանակ ունի մտածելու, թե ինչ է ուզում դառնալ։ Կյանքն էնպես է դասավորված երիտասարդների համար, որ նրանք ժամանակ ունեն և պարզապես պարտավոր են մասնագիտական ընտրության համար մտորելու շրջան ունենալ։ Ինչո՞ւ հենց երիտասարդների , դե, պարզ է, նրանք կյանք են մտնում և պիտի մտածեն, թե էս մեծ, բարդ, դժվարություններով ու գայթակղություններով լի իրականությունում ի՞նչ մասնագիտություն են ընտրելու, ի՞նչ կրթություն են ստանալու, որտե՞ղ, որքան և այլն և այլն․․․
Էստեղ երիտասարդ մարդուն օգնության են գալիս ծնողները, հարազատները, ազգականները, բարեկամները, ընկերները, պարզապես հարգանք վայելող որևէ մեծահասակ, նախախնամությունը, ճակատագրական որևէ դեպքը կամ հանդիպումը․․․ տարբերակները շատ են։ Մեծասնությունը վաղ թե ուշ կայացնում է իր որոշումը, վճիռը, ընտրում է իր անելիքը, ճանապարհը և հարազատ է մնում իր ընտրությանը։ Եվ դա բնական է։
Սովորաբար, որոշիչ են լինում երկու հանգամանք՝ սրտացավ, բանիմաց ծնողները կամ մարդու նախասիրությունը։ Բա էլ ո՞ր օրվա համար են կյանքի փորձ ունեցող ավագները, մանավանդ հարազատ մարդիկ, որ չհասկանան, չզգան, թե երիտասարդն ինչ հակումներ ունի, ինչն է նրան լավ կամ հեշտ տրվում և ըստ այդմ՝ չուղղորդեն նրան, իրենց կարծիքով՝ դեպի լավագույն ապագա։ Սա, կարելի է ասել՝ դասական, աշխարհի պես հին ու փորձված մոտեցում է, ավելի խելոք բան դեռ ոչ ոք չի հնարել և իհարկե, յուրաքանչյուր ծնող՝ կամենալով իր զավակի լավը,պարզապես, պարտավոր է նրան օգնել մասնագիտության ընտրության ճակատագրական պահին։
Լավ, իսկ ի՞նչ անի էն երիտասարդը, որը բազմաշնորհ է, ունի հետաքրքրությունների լայն շրջանակ, որի ձեռքից, ժողովրդի լեզվով ասած՝ «շատ բան է գալիս»։ Կամ որի հոգում ու սրտում կա մեծ, անհաղթահարելի սեր մարդկային գործունեության կոնկրետ ոլորտի հանդեպ և էդ սերը նրան օր ու արև չի տալիս, գիշեր-ցերեկ հիշեցնում է իր գոյության մասին, սղոցելով գիտակցությունը, իսկ մարդը հնարավորություն, միջոցներ կամ ժամանակ չունի էդ սերը կյանքի կոչելու․․․
Հիշեցի էն զարմանալի ֆիլմը՝ աֆրիկացի սպորտսմենների մասին, որոնք ուզում էին զբաղվել ձնասահնակների սպորտով, բայց դե, գիտեք՝ Աֆրիկայում ձյուն մոմի լույսով էլ չես գտնի․․․եթե, իհարկե՝ չգնաս ամենահարավ, որտեղ արդեն բոլորովին ուրիշ կլիմա է, ի տարբերություն ողջ աֆրիկյան մայրցամաքի։ Բայց ֆիլմի հերոսներն էնքան համառ էին, որ, ի վերջո, իրենց համարձակ երազանքը կյանքի կոչեցին։
Մարդու մտքին տեղ լինի․․․սրանք հանճարեղ խոսքեր են, բոլոր ժամանակների համար, բոլոր ժողովուրդների համար, բոլոր ձգտող մարդկանց համար։
Կարճ ասած՝ ի՞նչ անի էն մարդը, որն ասենք՝ ճարտարագիտականն է ավարտել, բայց հոգով արվեստագետ է և ուզում է իր ստեղծագործական կարողություններն ի ցույց դնել, դառնալ արվեստագետ։ Կամ՝ ավարտել է գյուղատնտեսականը, բայց հետո զգացել, տառապել ու բացահայտել է, որ ինքը պիտի լինի, ասենք՝ մարզիկ, կամ՝ խոհարար, կամ էլի որևէ ուրիշ մասնագիտության հանդեպ լուրջ, գիտակցված սեր ունի, բայց ունի կոնկրետ դիպլոմ, որը ստանալու համար տարիներ է վատնել, գուցե գումար է ծախսել ու հիմա, փաստորեն՝ պիտի ինչ որ իմաստով զարմացնի և անգամ՝ հիասթափեցնի ծնողներին ու իրեն դասավանդած դասախոսներին․․․
Հավատացեք՝ նոր բան ձեռնարկելու համար երբեք ուշ չէ, երբեք։ Նույնիսկ, եթե դրանով զբաղվեք սիրողական մակարդակով, թեկուզ ձեր հոգու հանգստության համար։
Ոչինչ, սխալվելը սարսափելի չէ, սարսափելին, սխալը գիտակցելուց հետո՝ չուղղելն է։
Տասնյակներով ու անգամ հարյուրներով անուններ կարելի է տալ էն մարդկանց, ովքեր նոր գործունեություն են սկսել ու ոչ թե պարզապես հաջողել են, այլ դարձել են համբավի տեր, էն էլ ի՜նչ համբավի, անգամ՝ համաշխարհային։
Գիտե՞ք ով էր Ռոդ Ստյուարտը մինչև աշխարհահռչակ երգիչ դառնալը․․․գերեզմանափոր։ Դերասան Հարիսոն Ֆորդը, Ինդիանա Ջոնսը՝ հյուսն էր։ Նիկոլ Քիդմանը՝ մերսող, «մասաժիստ»։ Ջորջ Քլունին՝ բեյսբոլիստ ։ Սիլվեստեր Ստալոնեն առյուծների վանդակներ էր մաքրում, իսկ Ջոնի Դեփը՝ գրիչներ վաճառում։
Քանի որ արվեստագետ եմ,օրինակները հիմնականում ինձ համար հարազատ ոլորտից բերեցի․․․երևի հասկացաք։
Կարդացեք կենսագրություններ ու կհամոզվեք, որ համառությունն ու սկզբունքայնությունը իսկապես նվեր են իր գործը սիրող մարդու համար։ Հիշեցնեմ հայտնի, տաղանդավոր թատերական ռեժիսոր Մարկ Զախարովի խոսքերը․ նա ասում էր․ «Ես գեղարվեստական գրականություն գրեթե չեմ կարդում։Ով ասես, ինչ ասես կարող է հորինել ու հանձնել թղթին, ինձ էլ մի երկու ամսով փակեք որևէ լավ տեղ, տվեք բավարար ուտելիք ու ես էլ մի հետաքրքիր բան կհորինեմ, կգրեմ․․․ես կարդում եմ հայտնի, իրենց ոլորտում բարձունքների հասած մարդկանց կենսագրությունները, նրանց, ովքեր համառության ու օժտվածության շնորհիվ հասել են անհավանական արդյունքների»։
Իհարկե ամեն մեկը չէ, որ կամենում է նման բարձր արդյունքներ գրանցել․ մարդ կա, ուղղակի բավարարվում է նրանով, որ իր սիրած, երազած ոլորտում թեկուզ մի փոքրիկ հաջողություն է ունեցել և դա հետագա ողջ կյանքի ընթացքում ջերմացնում է նրա հոգին։ Դա էլ է հարգելի, դա էլ է գնահատելի, կատակով ասենք․․․ հետո թոռներիդ պատմելու բան կունենաս։
Բայց խոսքս էն մարդկանց ու հատկապես հայրիկների մասին է, ովքեր դրանից ավելին են ձգտում ու էդ ձգտումն իսկապես դառնում է նրանց գիտակցության մեջ գրեթե սևեռուն գաղափար։ Ի՞նչ պիտի անի նման մարդը՝ պիտի փորձի իր ցանկությունը դարձնել իրականություն։
Բա, մարդ էլ զգա, որ իր ուշքն ու միտքն ուրիշ տեղ է, բայց օրերով, ամիսներով ու տարիներով գնա նույն գրասենյակը ու առավոտից երեկո անի էն, ինչի հանդեպ սեր չունի կամ անտարբեր է։
Ի վերջո, աշխարհն առաջ են տանում նորարարի մտածողություն ունեցող մարդիկ։ Սկսեք, հետո անկախ ձեզնից կներքաշվեք, եթե լուրջ մարդ եք՝ կուսումնասիրեք գործունեության նոր ոլորտի գաղտնիքները, կգտնեք հազարավոր, եթե չասեմ ավելին՝ հոդվածներ, տեղեկություններ, օրինակներ, գործելու ձևերը բացահայտող նյութեր ձեր նախասիրության մասին։
Գիտե՞ք ինչն է կարևոր գրեթե յուրաքանչյուր մարդու կյանքում՝ սեփական կոչումը գտնելը, էդ կոչմանը ծառայելը։ Եթե դուք գտաք ձեր անելիքը՝ ամեն ինչ կդասավորվի լավագույնս, ինչպես ասում են՝ երկինքն ինքը կսկսի ձեզ օգնել։
Էնպես որ՝ ոչ ճիշտ ընտրած մասնագիտությունը, հետն էլ էդ մասնագւիտության դիպլոմը՝ դատավճիռ չեն, ի վերջո ձեր կյանքն է, այն տնօրինելու իրավունքը ձերն է։
Էդպես է, մենք, հայրիկներս պատասխանատու մարդիկ ենք, մենք այլ կերպ լինել չենք կարող։
Ամենայն բարիք ձեզ ու ձեր հարազատներին։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button