Հա՛ֆ, մյաո՜ւ

Գերմանական հովվաշուն. Հա՛ֆ, մյաո՜ւ

Եթե պատահական մարդկանց անգամ հարցնեք, թե շների ինչ ցեղատեսակներ գիտեն, 10-ից 10-ը՝  իրենց ցուցակում, անպայման, կներառեն նրա անունը։

Խոսքս Գերմանական հովվաշան կամ Գերմանական գայլաշան մասին է, որը գերմանացի շնաբույծների տաղանդի ամենավառ   ապացույցն է, մի կենդանի, որին ֆիլմերում, գրքերում, կտավներում, երգերում ամենից շատ կհանդիպենք՝ բոլոր շների մեջ։ Գերմանական հովվաշնով հիանում են անգամ նրանք, ովքեր երբևէ ընտանի կենդանի չեն պահել, էլ չասեմ էն կենդանասեր, ավելի ճիշտ՝ շնասեր մարդկանց մասին, ովքեր պարզապես սիրահարվելով էս ցեղատեսակին՝ այլևս ուրիշ շուն չեն պահում, և անընդմեջ, որպես ընկեր պահում են միայն ու միայն գերմանական հովվաշուն։

Ի սկզբանե, էս լեգենդար կենդանին համարվում էր հովվաշուն և պահապան շուն։ Գերմանացիք, իրենց բնորոշ հետևողականությամբ երկար ու տքնաջան աշխատանք թափեցին, խաչասերելով Կենտրոնական և Հարավային Գերմանիայի ընտիր շներին։ Հիմա նրանցից կարճամազ ու երկարամազ տեսակներ կան ։

Ներկայումս գերմանական հովվաշունն օգտագործվում է և՛ որպես ցուցահանդեսային կենդանի, և ՛որպես պահապան, և՛ կինոլոգիական սպորտաձևերի մասնակից և՛ որպես ընտանեկան շուն։ Կներեք «օգտագործվում է» արտահայտության համար, քանզի իսկական շնասերը, երևի, նման բառեր չպետք է հնչեցնի, ուղղակի որոշ շրջանակներում ընդունված է էդպես ասել, ի վերջո ոստիկաններն ու խուզարկուներն իսկապես օգտագործում են շներին, թեև յուրաքանչյուր կենդանի կցվում է կոնկրետ մարդու, որին եթե հարցնեք՝ իսկապես դեմ կլինի վերը նշածս բնորոշմանը։

Ինչևէ, էթիկայի օրենքները մի կողմ թողնելով, վերադառնամ մեր հերոսին՝ գերմանական հովվաշանը։

Ռոթմիստր Մաքս Էմիլ Ֆրեդերիք ֆոն Շտեֆանից․․․ծանո՞թ է ձեզ այս անունը։ Հազիվ թե։ Մինչդեռ պատկառելի տեսքով ու նույնքան պատկառելի, երկար անունով, հիրավի լայնախոհ, իմաստուն ու հայերնասեր, պատմական այս անձնավորությունը համարվում է ցեղատեսակի հիմնադիրը, իսկ նրա շունը՝ Գրայֆը, կամ ավելի ստույգ՝ Horand von Grafrath-ը՝ նրա իսկ կողմից գրանցված առաջին, ցեղական գերմանական հովվաշունը։ Նրանք ունեն համատեղ, գեղեցիկ, հայտնի լուսանկար, որը, ցավոք․․․ ռադիոյով էնքան էլ լավ չի երևում․․․

Գերմանականը՝ գերմանական, բայց ընդունված է համարել, որ տվյալ փառահեղ շան, էսպես ասած, նախնական հայրենիքներն են Սկանդինավիան և Ռուսաստանի Հյուսիս-Արևմուտքը․ հանելուկ, ինչպես և շատ շների դեպքում։

Ո՞նց չհիանաս գերմանացի շնաբույծների հաստատակամությամբ ու հայրենասիրությամբ, ովքեր Ռոտմիստր ֆոն Շտեֆանիցի կոչին արձագանքելով՝ մի մարդու նման լծվեցին նոր ցեղատեսակի ստեղծման գործին, աջակցելով նրան ով՝ ինչով կարող էր, գերմանական հովվաշան կայացումը համարելով համարյա  ազգային խնդիր և գերմանական ժողովրդի արժանապատվության հարց․․․

Եվ էսքան լրջմիտ մոտեցումից հետո զարմանալի չէ, որ արդեն 1899 թվականին գերմանական գայլաշունը պաշտոնապես ցուցադրվեց առաջին ցուցահանդեսում, որպես զտարյուն ու հիանալի արդյունքներ գրանցած ցեղատեսակ։

Դուք երևի չեք հավատա, բայց ես նվազագույնը երկու տպագրական էջ ծավալով, կարող եմ թվել միայն գերմանական էս ընտիր ցեղատեսակի հետ կապված թղթաբանության թռուցիկ պատմության տարեթվերը, ինչն իհարկե՝ չեմ անի, հասկանալի պատճառներով։ Ուղղակի ասեմ, որ նրան նվիրված տարբեր ժողովները, գերմանական գայլաշուն սիրողների համաշխարհային միությունն ու էլի տարատեսակ այլ մեծ ու փոքր կազմակերպություններ էնքան հանդիպումներ ու համաժողովներ են անցկացրել ու անցկացնում, որ դրանց սղագրությունները կարող էին հավասարվել մի փոքր պետության ամբողջ պաշտոնական գրագրությանը։ Ու՞ր էր, թե մյուս շներն ու շնիկներն էլ էս հարգանքի, մեծարանքի ու անթաքույց սիրո կեսին արժանանային։  

Ինչպես հայտնի է՝ գերմանական գայլաշան նախնական կոչումը ոչխարի հոտ հսկելն է եղել։ Հետո, ընտանի անասունների գլխաքանակի նվազման և դրան զուգահեռ, գայլաշան անասելի արագ տեմպերով բազմացման արդյունքում, հաշվի առնելով նրա բոլորր բարեմասնությունները՝ ընտիր հոտառությունը, ինտելեկտը, ֆիզիկական ուժը, դիմացկունությունը՝ տարբեր եղանակային պայմաններին, ճարպկությունը, կարգապահությունը, մարդիկ սկսեցին նրա համար գործունեության նոր ոլորտներ բացահայտել։

1900-ականների սկզբին նա դարձավ ոստիկանական շուն, հետո դարձավ բանակային, ինչին նպաստեց Առաջին համախարհայինը, երբ Գերմանիայում և Անտանտի երկրներում սկսեցին լայնորեն օգտագործել Գերմանական Գայլաշանը՝ պատերազմի բարդ օրակարգի ծանր խնդիրները լուծելիս։ Բոլոր իմաստներով էս հրաշք շունն առաջնագծում էր, առաջին դիրքերում։ Հետո եկավ Երկրորդ Համաշխարհայինը, որի ժամանակ մեր հերոսի ուսերին ավելի ծանր խնդիրներ դրվեցին, բայց դրա հետ մեկտեղ ցեղատեսակը բավականին տուժեց․․․պատերազմը ոչ մեկին չի խնայում․․․

Որպես շնասեր՝ ուղղակի հիացած եմ, որպես հայ երազում եմ տեսնել էն ժամանակները, երբ մեր պանծալի Գամփռը, որին մենք ստացել ենք, բայց ոչ գերմանացիների պես համազգային ջանքեր ներդնելով, այլ, որպես նվեր հայոց աստվածներից՝ կարժանանա նույն լրջմիտ վերաբերմունքին։ Էնպես չի, որ մեր հանճարեղ Գամփռն արժանի ուշադրություն չի վայելում, հակառակը՝ գործ արվում է, արվում է որակով, բայց կարելի է անել ավելին։  

Վերադառնամ գերմանական գայլաշանը՝ հայտնի է, որ նա լավագույնս դրսևորում է իր բոլոր ընտիր հատկությունները, երբ ունենում է մեկ տեր, ենթարկվում է մեկ հոգու։ Բայց մյուս կողմից, պատկերացրեք, սա էն զարմանալի շունն է որն ըմբռնելով իր առջև դրված խնդիրը  կարող է արագ փոխել տիրոջն ու առաջադրանքը շարունակել կատարել ուրիշի հետ։ Սա մեծ առավելություն է, անվիճելի։ Էս մասին, օրինակ՝ վերջերս հատուկ վկայել են ամերիկյան ռազմաօդային ուժերի բարձրաստիճան զինվորականները։ Պատկերացնում եմ գերմանացիների զուսպ ու գոհ քմծիծաղը․ «Մենք դա վաղուց գիտենք․․․»։

Ոստիկանությունում, բանակում, սահմանապահ զորքերում, գյուղատնտեսությունում, կույր մարդկանց առաջնորդելիս, հանցագործ վնասազերծելիս՝ մեր հերոսն ուղղակի ունիկալ կենդանի է և էդ իմաստով, երևի, իսկապես, հավասարը չունի։ Նա հիանալի կերպով լեզու է գտնում երեխաների հետ և իսկապես սիրում է փոքրիկներին, միայն թե, ինչպես ուզածդ մեծ չափսերով շան դեպքում՝ չարժի նրան միայնակ թողնել երեխաների հետ, քանզի գայլաշունը կարող է իր կամքից անկախ վնասել հատկապես շատ փոքրերին, որովհետև ծանր է և ֆիզիկապես հզոր։

Վերջացնելով ասեմ՝ գերմանական գայլաշունն ամենավառ օրինակիներից է էն գիտակցված, միասնական, միահամուռ մոտեցման, որը գերմանացիները գրեթե ազգովի դրսևորեցին՝ իրենց առջև դրված գերխնդիրը պատվով լուծելով։ Ասում եմ ամենաբարի նախանձով, ուզում եմ հուսալ, որ մենք էլ, հայերս նման միասնականություն դրսևորելու հնարավորություններ ունենք և դեռ կունենանք, անպայման չի հենց շուն բուծելու հարցում՝ գործերը շատ են, գործել է պետք։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button