Մեկնարկ

Թանգարանը՝ ինքնաբացահայտման հարթակ. Մեկնարկ

«Էրեբունի» ՊՀԱԹ–ում, չնայած գիտահետազոտական ուսումնասիրություններով զբաղվածությանը, ոչ միայն չեն մոռանում երեխաների ու պատանիների հետ աշխատանքի մասին, այլև կրթական գործունեությունը համարում են թանգարանի կարևորագույն գործառույթը։ Այս պահին գործող հինգ ուշագրավ կրթական ծրագիրը և մեկ արկածային խաղ–բացահայտումը համարյա ամեն օր այս թանգարան են բերում հարյուրավոր դպրոցականնների, որոնցից ոմանք, հնարավոր է, հենց այսպիսի այցերից հետո էլ սկսում են մտածել իրենց ապագա մասնագիտության մասին․ հնագետի, վերականգնողի, վերակազմողի, պատմաբանի․․․

«Ի՞նչ դեր ունի թանգարանային կրթությունն ապագա մասնագիտության ընտրության հարցում»,–այս հարցով դիմեցինք «Էրեբունի» ՊՀԱԹ–ի տնօրեն Միքայել Բադալյանին։

Մ․Բադալյան– Թանգարանային կրթությունն ուղղակի առանցքային դեր ունի, և մենք պետք է հասնենք նրան, որ թանգարանը մեր երկրում ընկալվի որպես կարևորագույն կրթօջախներից մեկը։

Թանգարանը բոլորովին այլ միջավայր է, այլ աշխարհ է, իսկ մեր թանգարանները բազմաբնույթ են ու բազմաբովանդակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է հայտնաբերել իր աշխարհը, յուրաքանչյուր երեխա կարող է գտնել իրենը։ Շատ հաճախ շատ դժվար է գտնել այն, ինչը պետք է դառնաս, ինչը քոնն է։ Մեկ մանրուքը կարող է ճակատագրական լինել։ Պատկերասրահները, թանգարանները շատ կարևոր հարթակ են, որ երեխան սկսի զգալ, բացահայտել իրենը։

Էրեբունի ՊՀԱԹ–ը ունի նաև բոլորովին այլ առաքելություն, որովհետև մենք ունենք հուշարձաններ ու թանգարաններ, որոնք բացի կրթելուց, նաև սերմանում են այն գաղափարը, որ հե՛նց երեխաներն են հե՛նց մանուկ հասակից իրենց հարուստ պատմամշակութային ժառանգության ոչ միայն կրողները, այլև արժևորողներն ու տարածողները։

Տեսեք, կա մեր «Պատանի հնագետ» դպրոցը, որը գործում է 2012թվականից։ Մենք ասում ենք, եթե մեկ հոգի ընտրի հնագետի մասնագիտությունը, դա ձեռքբերում է։ Մեր դպրոցի շրջանավարտ Ա․ Եղիազարյանը դրա լավագույն օրինակն է։

 Էս առումով Էրեբունին շատ հնարավորություններ է տալիս։ Օրինակ, մենք ունենք կրթական ծրագիր, որը սեր է արթնացնում վերականգնողի մասնագիտության նկատմամբ, իսկ այդ մասնագետները մեզ մոտ շատ չեն։

Այսօր ողջ համացանցը ողողված է ոչ ճիշտ, ոչ ստույգ ինֆորմացիայով, մինչդեռ  շատ կարևոր է ճիշտ տեղեկացված լինելու համգամանքը, և թանգարանն իր պրոֆեսիոնալիզմով պետք է գա շտկելու այս բացը և կրթելու քաղաքացիներ։

Ցուցադրել ավելի
Back to top button