Հայրիկի դասերը

Դու ասում ես հրեշտակ չես տեսե՞լ. Հայրիկի դասերը

«․․․ դու ասում ես, երբևէ,  հրեշտակ չե՞ս տեսել․․․դու հո կու՞յր չես՝ առանց թևերի, առանց լուսապսակի, իսկական հրեշտակ կտեսնես․․․ ուղղակի նայիր մորդ աչքերին»

Էսօր ուզում եմ խոսել մեր մայրերից։ Ամեն հայ մարդու համար մայրը սրբություն է, գիտեք։ Մենք սիրում ենք էդպես ասել ու էդպես ենք դաստիարակված։ Մենք խմում ենք ծնողների կենացը հոտընկայս ու հպարտանում նրանցով։ Էդպես էլ պիտի լինի։ Բայց իսկական զավակը, իսկական որդին իր սերը մոր հանդեպ պիտի ապացուցի ոչ միայն կեցվածքով, գեղեցիկ ու հուզիչ խոսքերով, երկար բաժակաճառերով, այլ նաև՝ կեցվածքով։ Ծնողի երջանկությունն իր զավակների երջանկությունն է, դա էլ բոլորս գիտենք։ Ուրեմն պիտի էնպես ապրենք, որ մեր ծնողները, հատկապես՝ մայրերը, չտեսնեն մեզ հուսահատված, վհատված և այլ աննախանձելի հոգեվիճակներում։ Նույնիսկ, եթե ժամանակավոր դժվարություններ ենք կրում ու ծանր իրավիճակներում ենք՝ խորհուրդ  չեմ տա ծնողներին էդ ամենի մասին տեղեկացնել ու մանրամասն հաշվետվություն ներկայացնել նրանց՝ սեփական աննախանձելի դրության մասին։

Երկու հիմնավոր պատճառներով․առաջին՝ մեր կյանքի բարդ իրավիճակը ոնց էլ լինի՝ հաղթահարելու ենք, դա ինքներս գիտենք, մենք ուժեղ ենք, մենք ամեն փորձությունից դուրս կգանք հաղթանակած, չէ՞ որ մենք հայրիկներ ենք ։ Իսկ ծնողը, հատկապես մայրը՝ դեռ երկար պիտի սրտնեղի, մտատանջություններ ունենա, դառը խոհեր ունենա ու գիշերներ չքնի, քանզի նա ամենից մոտն է ընդունում սրտին մեր ուզածդ անհաջողությունը կամ ժամանակավոր բարդությունը։ Մենք, տղամարդիկս, մի քիչ ավելի մակերեսային ենք զգացականի հարցերում, էստեղ կասենք, էնտեղ կմոռանանք, կնեղվենք, կվրդովվենք, բայց հնարը կգտնենք։ Քանզի հնարը՝ գործելն է, հայրիկները գործի մարդիկի են, էդպես է նախանշված վերևներից։ Իսկ կանայք ու հատկապես մայրերը, մեր մայրերը՝ մեզ պես հեշտ դուրս չեն գալիս մտատանջությունների սարդոստայնից, նրանք իսկապես հուզվում են, հաճախ՝ ցույց չտալով, բայց ներքուստ տառապելով։ Ուրեմն՝ ի՞նչ իմաստ ունի պատմել նրանց մեր ժամանակավոր անհաջողությունների, դժվարությունների, պրոբլեմների մասին, եթե մենք միևնույն է՝ դրանք թոթափելու ենք ու գտնելու ենք ճիշտ լուծումները։

Ես սա ասում եմ համոզված, որովհետև ուզածդ հայրիկ, իմ խորին հանոզմունքով՝    ուժեղ է, ամուր ու խելացի, հնարը միշտ կա, մնում է այն գտնել։

Երկրորդ՝ որքան էլ մեզնից ոմանց տարօրինակ թվա ասածս, մայրերին ոչինչ պատմել չարժի, քանզի նրանք ամենինչ զգում են ու գիտեն։ Այ հենց էդպես՝ զգում են, անսխալ։ Դուք դեռ ձեր բերանը չբացած՝ կհասկանաք, որ նա, ձեր մայրը, ամեն ինչ արդեն գիտի, ամեն ինչ հասկացել է։ Ինչու՞ պատմել մեկին էն, ինչը նա արդեն գիտի։ Քանզի աստվածները կանանց ու հատկապես մայրերին՝ օժտում են էնպիսի ուժեզ բնազդական զգացողություններով, որոնց մասին մենք, տղամարդիկս երազել անգամ չենք կարող։ Եվ, անկեղծ լինենք՝ դա մեզ պետք էլ չի, եթե մենք, հայրիկներս, այսինքն՝ տղամարդիկ, կարողանայինք կանանց պես բնազդաբար զգալ մեր շուրջը կատարվածը, կատարվողն ու կատարվելիքը՝ երևի բոլորովին այլ էակներ կլինեինք։ Բայց մենք էնպիսին ենք, ինչպիսին կանք և ուրիշը լինել հաստատ չենք կամենա, վստահ եմ ասում, բոլոր իրենց հարգող տղամարդկանց անունից։

Տղամարդը պիտի զուսպ լինի, հատկապես՝ ծնողի հետ և ծնողի ներկայությամբ։ Դե իսկ ամենաանհեթեթ, ամենասխալ բանը, որ կարող է անել հայրիկը՝ սեփական կնոջ հետ ունեցած վեճի կամ գժտության արդյունքում մայրիկի մոտ վազելն ու նրան ամեն ինչ պատմելն է։ Չե՞ք կարող ձեր մեջ պահել, ուզում եք ձեր հոգին որևէ մեկի առաջ բացել՝ զսպեք ձեզ։ Հոգեվիճակը, որում գտնվում եք՝  ժամանակավոր է, զայրույթն ու նեղվածությունը կանցնեն, կգնան՝ ընտանեկան վեճերը թեկուզև անցանկալի, բայց բավական հաճախ հանդիպող, բնական երևույթներ են, խելացի հայրիկները դրանից պատմություն չեն սարքում։

Մոր հանդեպ հարգանքը բնորոշ է աշխարհի բոլոր ժողովուրդներին, այլ կերպ չի էլ կարող լինել։ Դրա համար էլ ուզում եմ ավարտել էսօրվա զրույցս  ամերիկացի քանթրի երգիչ, անկրկնելի Ռենդի Թրեվիսի տողերով։

Իր «Angel »՝ «Հրեշտակ»  երգում,  նա՝ դիմելով իր անհավատ ընկերներից մեկին ասում է․ «․․․ դու ասում ես՝ երբևէ հրեշտակ չե՞ս տեսել․․․դու հո կու՞յր չես՝ առանց թևերի, առանց լուսապսակի, իսկական հրեշտակ կտեսնես․․․ ուղղակի նայիր մորդ աչքերին»։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button