Հայրիկի դասերը

Հայհոյանքի,ավելի ճիշտ՝ չհայհոյելու մասին. Հայրիկի դասերը

էսօր ես ուզում եմ խոսել հայհոյանքից։ Ավելի ճիշտ՝ չհայհոյելուց։ Կարծում եմ, նույնիսկ բացատրություն պետք չի տալ, թե ինչու եմ ընտրել հատկապես էս թեման։ Բայց որպեսզի ամենինչ ճիշտ լինի՝ պարտքս եմ համարում բացատրություն ներկայացնել։
Հատկապես սոցցանցերում, ահռելի, սպառնալի, անընդունելի չափերի է հասել փողոցային խոսքն ու հատկապես՝ հայհոյանքը։ Հայհոյում են բոլորը՝ մեծ-փոքր, տղա-աղջիկ, հայհոյում են առանց քաշվելու, ամաչելու, հայհոյում են տարբեր առիթներով և առանց առիթի, հայհոյում են անհամ, տափակ ձևով ու անգամ՝ անգրագիտորեն։
Մի զարմացեք՝ էդպես էլ է պատահում։ Բայց էդ մասին խոսել չեմ ուզում, ուզում եմ ուղղակի խնդրել ու կոչ անել սթափ դատող, չափի զգացում ունեցող, ինքնահարգանք ունեցող բոլոր մեր ռադիոլսողներին՝ տուրք չտալ էդ տգեղ, անընդունելի, փոքրոգի, ի վերուստ դատապարտված, հային չսազող թուլությանը, այսինքն՝ հոյհոյանքին, էն էլ՝ հրապարակավ։
Գուցե ոմանք զարմանան, թե ինչու եմ խոսում հայհոյանքից, գուցե ոմանք հիմա մտքում ասեն՝ բան գտար ասելու՝ ուղղակի պետք չի նկատել էդ երևույթն ու վերջ․․․ Չէ, էդքան բան չի, սիրելիներս, ձեզ միամիտի տեղ մի դրեք, եթե երևույթն ահագնացող տեմպերով չխորանար մեր հասարակությունում, հավատացեք, ընդհանրապես չէի խոսի էս մասին ու կաշխատեի ոմանց պես չնկատելու դնել՝ քիչ տգեղ երևույթներ կա՞ն մեր կյանքում՝ որքան դրանցից խոսենք, էնքան ավելի պարարտ հող կնախապատրաստենք դրանց ծլարձակման ու հետագա տարածման համար․․․
Համարձակվում եմ հակաճառել՝ եթե երևույթն էսքան քստմնելի չլիներ ու չհամակեր շատ շատերին՝ ինքս էլ կուզեի էդ ինքնախաբեությամբ զբաղվել ու ջայլամ ձևանալով՝ ինքս ինձ համոզել, որ ամեն ինչ էնքան էլ վատ չի․ ի վերջո, հայհոյանքն ու բռի խոսելաձևը միշտ էլ եղել են, դե, հիմա էլ անցել են համացանց ու անգամ՝ հեռուստատեսություն, եղածը մի մեծ բան չի․․․
Չէ, եղածը մեծ բան է, վտանգավոր հեռանկարներով, մենք էլ գնալով համակերպվում ենք դրա հետ ու որոշ ժամանակ անց արդեն ընդունելու ենք դա որպես եղելություն․․․շատերն արդեն ընդունում են․․․ ի վերջո հո բոլոր հայհոյողներին ոստիկանությունը բերման չի՞ ենթարկելու, կամ հասարակությունը հո նրանց բոլորին անարգանքի սյունին չի՞ գամելու․․․հատկապես՝ սոցցանցային հայհոյանքի վարպետներին։ Նույնիսկ հստակեցված վերաբերմունք ու օրենքներ չկան նրանց պատասխանատվության ենթարկելու, ինքներդ գիտեք․․․բա ի՞նչ անենք, ո՞նց անենք․․․
Ասեմ, իմ շատ սիրելի հայրիկներ՝ զսպենք մեզ ու հեռու մնանք հայհոյանքից։ Իսկ էդ երևույթին բախվելիս, հատկապես, եթե դա իրական կյանքում է, ոչ վիրտուալ՝ հասկացնենք դիմացինին, որ հայհոյելը վատ բան է, տգեղ բան է, հավանություն չտանք նրա արածին հանդուրժող լռությամբ, դիտողություն անենք։ Անտարբերությունը լավ բան չէ, անտարբեր մարդիկ իսկապես վտանգավոր են, չդառնանք նրանց պես։
Ես, դրսում ապրելու տարիներին, երևի մի քանի տասնյակ անգամ դիտել եմ Բրայան Դե Փալմայի «Սքարֆեյսը»՝ «Սպիավոր Դեմքը», Ալ Պաչինոյի հանճարեղ կատարմամբ։ Բայց ես էդ ֆիլմը տեսել եմ տարբեր տարբերակներով, էսպես ասած՝ համեմատաբար կիրթ ու նաև՝ փողոցային լեզվով, էնպես, ինչպես նկարված է եղել՝ նախազգուշացնող պիտակով։
Նման տարբերակով ֆիլմը ծայրից ծայր հայհոյանք է, Բրայան Դե Փալման տաղանդավոր ռեժիսոր է և ոչինչ չի մեղմացրել, չի զարդարել, չի կոծկել։Թոնի Մոնտանայի և նրա անմիջական շրջապատի լեզուն կոպիտ է, իրենց տեսակի նման՝ ինչու՞ կեղծ մեղմություն հաղորդել նման կերպարներին՝ նրանք պիտի էկրանին լինեն էնպիսին, ինչպիսին կան կյանքում։ Էդ ամենով հանդերձ «Սպիավոր դեմք»-ը արևմտյան աշխարհի ամենահայտնի ֆիլմերից է, Բա ո՞նց է էդպես ստացում․․․
Ասեմ իմ կարծիքը՝ ֆիլմն իսկապես ռեալիստական է, կերպարները կենդանի են ու համոզիչ, էդ թվում նաև՝ շնորհիվ իրենց բռի խոսքի ու վարվելակերպի։ Բայց դա ֆիլմ է, արվեստի գործ, որի վրա հարյուրավոր մարդիկ են աշխատել, ջանք ու եռանդով, անքուն գիշերներով․․․այ երբ որ կլինեք Ալ Պաչինո՝ էն ժամանակ էլ հայհոյեք։ Բայց՝ կինոյում, Թոնի Մոնտանայի շուրթերով։ Իսկ միայն հայհոյելով, էն էլ՝ համացանցում՝ հաստատ լավ տղա, հերոս չեք դառնա։
Իսկ որպես հայ մարդ, համոզված եմ՝ հերոսները մեր ջահել տղերքն էին, որ ընկան հայրենիքը պաշտպանելիս, մնացածներս ուղղակի պիտի փորձենք նրանց հիշատակին ինչ որ հրաշքով արժանի լինել, եթե դա ընդհանրապես հնարավոր է։ Եվ Ռոբերտ Աբաջյանի հայհոյանքն ու ֆեյսբուքում «վեր ընկած» որևէ լոդրի հայհոյանքը, թեկուզ և հազար անգամ տաղանդավոր լինի ու մշակույթի մարդ՝ հաստատ համեմատելու բաներ չեն։
Սիրելի հայրիկներ, հեռու մնացեք տեղի-անտեղի հայհոյողներից, դիտողություն արեք նրանց, եթե արտահայտվում են հասարակական վայրում, պարզապես ձեր զուսպ կեցվածքով հասկացրեք նման մեկին, որ դա տղամարդուն հաստատ չի զարդարում, տղամարդը, իրական տղամարդը՝ պիտի վեհ լինի, ճղճիմ փոխհարաբերություններից, կեղծիքից, ցուցամոլությունից, ինքնագոհությունից, եսասիրություից, փոքրոգությունից, կոպիտ խոսքից՝ շա՜տ հեռու։ Ու մի տրվեք ժամանակի ամենամեծ ցավերից մեկին՝ հասցեական ու անհասցե հայհոյանքին, դա տգեղ ու վատ բան է․․

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button