Հայրիկի դասերը

Անտարբերության կեղծ հմայքը․ Հայրիկի դասերը

Սիրելի հայրիկներ, էսօր մեր հերթական դասն է և ես այն նվիրել եմ անտարբերությանը։  

Նախօրոք ասեմ, որ ինքս էն մարդկանցից չեմ, ովքեր անտարբերներից որևէ բան են պահանջում՝ կոնկրետ, որոշակի վերաբերմունք կամ գործողություններ, ես ուղղակի կոչ եմ անում չլինել անտարբեր, փորձելով մոտեցումս հիմնավորել տրամաբանական խոսքով։ Թե չէ, որևէ բան պահանջել մարդուց, էն էլ՝ անտարբերից, կլիներ մեծ միամտություն։

Ասեմ նաև, որ երբեմն ինքս ինձ բռնեցնում եմ էն մտքի վրա, որ անտարբեր կոչվողների մի մասը անտարբեր է միտումնավոր կերպով։ Ասածս կարող է անմտություն հնչել, բայց էնքան էլ հեռու չի իրականությունից։

Ովքե՞ր են անտարբեր մարդիկ, ու՞մ ենք մենք կոչում անտարբեր, չէ՞ որ նման պիտակը կշռաքարի պես ծանր է և եթե այն կախում ենք որևէ մեկի վզից, պիտի գոնե ինքներս մեզ համար պարզած լինենք, թե ում ենք կոչում  անտարբեր։

Իմ համոզմամբ, իրական անտարբեր մարդիկ ոչ թե մտածում են էս կամ էն երևույթին ինչ կերպ կամ ինչ աստիճան արձագանքեն, կամ արձագանքեն, թե ոչ, այլ շատ դեպքերում պարզապես չեն նկատում երևույթը, այ դա իրական անտարբերությունն է՝ըստ իս։ Նման մարդիկ, էսպես ասեմ՝ անտարբեր հոգիներ են ի ծնե, եթե հետս կհամաձայնեք․․․ նրանք հիմնականում իրենց մեջ պարփակված, իրենց աշխարհում ամուր, պինդ փակված անձնավորություններ են, որոնց քիչ է հետաքրքրում էս աշխարհի անցուդարձը, հասարակական կարծիքը, ամեն տեսակ հուզումները, մյուսների վերաբերմունքի դրսևորումները և այլն։

Իսկ այ միտումնավոր անտարբերները, կամ մեզ՝ որպես էդպես ներկայացողներն ուրիշ են։ Ես նման մի քանիսին ճանաչում եմ՝ նրանք բարձր գիտակցությամբ, իսկապես խելացի, զուսպ ու հավասարակշռված մարդիկ են, ովքեր երևույթներին արձագանքում են և սեփական կարծիք են հնչեցնում ծայրաստիճան հազվադեպ, շատ դեպքերում երևի ունենալով համոզմունք, որ իրենց վերաբերմունքից կամ դրա բացակայությունից ոչինչ չի փոխվելու։ Էդ պատճառով էլ թվացյալ անտարբեր կեցվածք են ընդունում։ Ի միջի այլոց նման գիտակցված, մտածված անտարբերություն դրսևորող մարդիկ ամեն կոնկրետ դեպքում, կոնկրետ առիթով ունեն իրենց փաստարկներն ու բացատրությունները։ Եվ եթե նման մարդուն փորձես հարցերով նեղը դնել ու ապացուցել նրան, որ իր արածը հանցավոր անգործություն է՝ միգուցե հայտնվես մի քիչ հիմար վիճակում։ Քանզի դիմացինը, քեզ փաստերով ու օրինակներով կսկսի ապացուցել, որ տվյալ դեպքում, տվյալ իրավիճակում միջամտությունը սխալ է ու անհեռանկար․․․և հենց էդ պատճառով էլ իր լռությունը խորը գիտակցված չեզոքություն է, այսինքն՝ կոնկրետ դիրքորոշում։

Իսկ փաստերով խոսող, տրամաբանող մարդուն հակաճառելը հեշտ բան չի, սիրելի հայրիկներ։ Երբեմն նույնիսկ մարդ անկախ իրենից սկսում է հիանալ լավ տրամաբանող, բոլոր կռվանները հերթով, իրար հետևից դասավորող անհատի մտքի ճկունությամբ ու անգամ հմայվում է նրա կեցվածքով, որն ասես հուշում է՝ ոչինչ մի արա, ամեն ինչ անիմաստ է, մեկ է՝ էս աշխարհում ոչ մեկիս ոչինչ չի մնալու․․․

Բայց արժի, որ հմայված մարդն ինքն իրեն ի վերջո թափ տա ու հիշի, որ ինքն էլ իր սկզբունքներն ու արժեքներն ունի և դիմացինը որքան էլ ճարտար ու գեղեցիկ կառուցի իր խոսքը, այնուհանդերձ մնում է գիտակցող կամ չգիտակցող անտարբեր։ Իսկ անտարբերությունը լավ բան չի, հե՛նց էդպես, չկասկածե՛ք։

Ինչու՞ եմ էս ամենը ձեզ ասում՝ որովհետև համոզված եմ, որ մարդու դաստիարակությունը նրա ողջ հետագա կյանքի վրա իր անջնջելի կնիքն է դնում։ Իսկ էդ կնիքը հիմնականում դնում է հայրիկը։

Ցուցադրել ավելի
Back to top button