Լուրեր

Թոմաս Էդիսոնը մեկին գումարեց մեկ և ստացավ 2 անգամ ավելի մեծ մեկ

Մի տղա դպրոց չէր գնում։ Ավելի ճիշտ՝ երկու ամիս առաջին դասարան գնալուց հետո մայրը նրան․․․հանեց դպրոցից։ Բանն այն է, որ ուսուցիչը հենց սկզբից նրան համարեց սովորելու անընդունակ, իսկ մի անգամ էլ պարզապես «թուլամիտ» անվանեց։ Դա եղավ այն բանից հետո, երբ ուսուցիչը հարցրեց տղային, թե ինչ կստացվի եթե մեկին գումարենք մեկ, և փոքրիկը պատասխանեց՝ մեկ։ Եվ իր պատասխանը հիմնավորեց այսպես․ «Եթե մեկ բաժակ ջրին ավելացնենք ևս մեկ բաժակ ջուր, կստացվի մեկ բաժակ ջուր՝ միայն թե՝ երկու անգամ ավելի շատ»։ Այս պատասխանն ուսուցչին թուլամտության դրսևորում թվաց, իսկ տղայի մորը, որը նախկինում ուսուցչուհի էր եղել և, իհարկե, նաև ավելի լավ էր ճանաչում իր որդուն, հուշեց, որ պետք է անսովոր մտածող երեխայով առանձին զբաղվել։

Մայրը որոշեց տղային հանել դպրոցից ու նրան ուսուցանել տանը, բայց ոչ թե դպրոցական ծրագրով, այլ՝ իր կազմած ու սկսվեց կրթության և ուսուցման ուրիշ մի տեսակ, որի անբաժան մասն էին գիտության մասին գրքերը, հայտնագործությունների մասին պատմությունները։

10 տարեկանում տղան հայրական տան նկուղում լաբորատորիա ստեղծեց, որտեղ քիմիայի և ֆիզիկայի փորձեր էր անում։ Հայրը շատ չէր ոգևորվում այդ փորձերով, և որդուն ապագայում ավելի շատ պատմաբան էր ուզում տեսնել։ Նա տղային պատմությանը վերաբերող  յուրաքանչյուր կարդացած գրքի համար մեկ պեննի էր տալիս։ Տղան կարդում էր գրքերը, հավաքում դրամը և․․․դրանով ռեակտիվներ էր գնում իր լաբորատորիայի համար։

12 տարեկանում տղան դարձավ գնացքներում թերթ ու քաղցրավենիք վաճառող, իսկ ուղերթների միջև եղած ժամանակահատվածն անցկացնում էր քաղաքային գրադարանում, որովհետև որոշել էր ընթերցել այնտեղ պահվող բոլոր գրքերը։ Քիմիայի և ֆիզիկայի փորձերն էլ շարունակում էին նրան հետաքրքրել։ Ահա թե ինչու տղան գնացքի բեռնատար վագոնում  էլ մի փոքրիկ լաբորատորիա ստեղծեց։ Այստեղ էլ տպագրական մեքենա տեղադրեց և լույս ընծայեց հատուկ ուղևորների համար նախատեսված՝ աշխարհում առաջին թերթը, որի և հեղինակն էր և գրաշարը։

Մի անգամ վագոն–լաբորատորիայում հրդեհ բռնկվեց, ինչի պատճառով տղային աշխատանքից հեռացրին։ Կարծում եք՝ շա՞տ տխրեց փոքրիկ գյուտարարը։ Ամենևին։ Հիմա հայտնագործություններին տրամադրելու ավելի շատ ժամանակ ուներ։ Կարելի էր ձայնագրիչ սարքավորում ստեղծել, կատարելագործել հեռագրասարքը, հեռախոսը, կինոխցիկը ևայլ սարքավորումներ, ստեղծել նորերը։ 

Հնարավոր է՝ արդեն գիտեք, թե ում մասին էր այս պատմությունը։ Այո, Թոմաս Էդիսոնն էր այն փոքրիկը, որը մեկին գումարեց մեկ և ստացավ ավելի մեծ մեկ՝ միայն թե ՝ երկու անգամ ավելի և որի բախտը իհարկե շատ բերել էր խորաթափանց մայր ունենալու առումով։ Մինչև այսօր էլ նրա արտոնագրած գյուտերի քանակը չգերազանցված ռեկորդ է համարվում՝ 1093 արտոնագիր ԱՄՆ–ում և 3000–ը ԱՄՆ–Ից դուրս։

Կյանքի վերջում Էդիսոնն ինքն իր մասին գրեց․ «Ես կարողացա գյուտարար դառնալ, որովհետև չգնացի դպրոց»։ Մի քիչ խիստ է ասված։ Նա կարող էր գրել նաև, որ գյուտարար դարձավ, որովհետև զարմանալի ծնողներ ուներ, որոնք իր անսովոր մտածողությունը գնահատում էին ու թևեր տալիս իր երևակայությանն ու ինքնուրույնությանը, կարող էր գրել նաև աշխատասիրության մասին, բայց գրեց այդպես։ Գուցե չնայած մեծ հաջողություններին, որոնց հասավ, նրա մեջ դեռ ապրում էր փոքրիկ տղայի վիրավորանքը, որին ուսուցիչը անվանեց «թուլամիտ»։

Ցուցադրել ավելի
Back to top button