Հիթ 1

«Ջորջիա» կամ «Georgia On My Mind» — Հիթ 1

Ջորջիա ու կրկին Ջորջիա՝

Երգը քո մասին գալիս է քաղցր ու մաքուր, ինչպես լուսնի լույսը սոճիների միջով․․․

Ուրիշ ձեռքեր են ձգվում դեպի ինձ,

Ուրիշ աչքեր են նայում ինձ քնքշորեն,

Այնինչ իմ խաղաղ երազներում

Ես նորից տեսնում եմ քեզ մոտ հետ բերող ճամփան․․․

«Հիթ 1» ռադիոհաղորդաշարի հերթական թողարկումը, որը վարում է Քրիստ Մանարյանը նվիրել ենք մի հանրահայտ, նմանը չունեցող, կարոտակեզ երգի։ Չեմ կարծում լինի մեկը, որն էս հրաշք գործը չի լսել։ Բայց թե ինչպե՞ս է այն ստեղծվել, կարծում եմ՝ ոչ բոլորը գիտեն։

Իմացողների մեծ մասն էլ երգի անունը ճիշտ չգիտի, ավելի ստույգ՝ գիտի կրճատված տարբերակը։ Մեծ մասն այս երգն անվանում է պարզապես «Ջորջիա» ու ծանոթ է դրան՝ անկրկնելի Ռեյ Չարլզի անզուգական կատարմամբ։

Եվ․․․ թյուրիմացաբար կարծում են, որ երգի հեղինակը նա է։ Դե, եթե ինքն է երգում՝ ուրեմն ինքն էլ գրել է․․․Ո՛չ, բարեկամներ, երգի հեղինակը Ռեյը չի, երգն էլ կոչվում է ոչ թե Ջորջիա, այլ՝ «Georgia On My Mind»,  Ջորջիան մտքիս, կամ՝ Ջորջիան մտքումս, այդպես կարելի է թարգմանել։

Անցյալի մեծերից ով ասես կատարել է երգը․ Լուի Արմսթրոնգ, Դին Մարտին, Գլեն Միլլեր, Ֆիցջերալդ, Ջեյմս Բրաուն, Բիլլի Հոլիդեյ, Թոմ Ջոնս, Ուիլի Նելսոն, Բինգ Քրոսբի, Գլեդիս Նայթ։ Ես թվարկեցի միայն ամենամեծերի անունները։ 

Իսկ լսե՞լ եք երբևէ, թե ինչ ընտիր է կատարում էդ նույն երգը, նույն ոգով մեկ այլ հիանալի երգիչ՝ Մայքլ Բոլտոնը, որը ձայնագրել է երգի առնվազն 3 տարբերակ՝ համերգայինները չհաշված։ Դրանցից գրեթե բոլորում, նրան նվագակցում է տաղանդաշատ ու ինքնատիպ Քեննի Բրուս Գորելիքը, կամ պարզապես՝ Քեննի Ջին, իր հանրահայտ, հոգեպարար սաքսոֆոնով։ Բոլտոնը վերևներում անցնում է իր անկրկնելի խռպոտ ֆալցետին, որում նրան հավասար քչերը կան։

Բայց ողջ աշխարհն էս պայծատ ու թախծոտ երգը գիտի նախևառաջ Ռեյ Չարլզի կատարմամբ, ինչպես արդեն ասացինք։

Իսկ ո՞վ էր Ռեյ Չարլզից առաջ երգողը։ Շատերը, էդ թվում նաև՝ ինչպես հաճախ լինում է՝ հենց հեղինակը, ավելի ճիշտ՝ մեղեդու հեղինակը՝ Hoagy CArmichael-ը։ Լսենք, թե ինչպես էր նա երգում իր երգը․․․

Լավ, իսկ ո՞վ էր նա՝ Hoagland Howard “Hoagy” Carmichael-ը․․․ամերիկացի երգիչ էր, երգահան, երաժիշտ, դերասան ու նաև՝ փաստաբան, որին համարում են անցյալ դարի առաջին կեսի ամենատաղանդավոր, ամենաջազային կոմպոզիտորներից մեկը, եթե ոչ՝ առաջինը, մարդ, որին բոլորս պարտական ենք ջազը հեռուստատեսություն բերելու, ինչպես նաև՝ էլեկտրոնային միկրոֆոնների ներդրման ու ձայնագրության ասպարեզում ամեն կարգի նորարարությունների համար։ Մարդ, որը գրել է մի քանի հարյուր երգ, որոնցից առնվազն 50-ը համարվում են հիթային։ Բայց մենք նրան պարտական ենք նաև անմահ Ջեյմս Բոնդի կերպարի համար, քանզի Յան Ֆլեմինգն իր վեպերի հերոսի արտաքինը բնութագրելիս՝ նկատի է ունեցել հենց Քարմայքլին։  

Ցուցադրել ավելի
Back to top button