Հիթ 1

Laufey — Մաքուր, զուլալ, բնական ու առանց հավելումների․․․համարյա նախաստեղծ

Արևիկի սիրելի ռադիոլսողնե՛ր, ես ձեզ խոստացա, որ այսուհետ հնարավորինս հաճախ կանդրադառնամ երիտասարդ, համարձակ, հետաքրքիր հեղինակների ու կատարողների և խոսքս պահում եմ։

Ասօր մեր հյուրասրահում մի քիչ կխոսեմ այն երաժշտական ֆենոմենի մասին, որն ինքն իրեն անվանում է Լավի (Laufey) ։ Իսկ ինչու Lավի՞, որովհետև այդպես է նրա անունը։

Նա ընդամենը 24-25 տարեկան է, բայց արդեն հասցրել է, առանց չափազանցության, փոթորկել միլիոնավոր հոգիներ ու աշխարհով մեկ այնպիսի հիացական աղմուկ է բարձրացրել, ինչպիսին վաղուց չի եղել ոչ համացանցում, ոչ էլ պրոֆեսիոնալ մամուլում։   

Ինքը՝ Լավին ասում է․ «Ես գրում եմ մյուզիքլային երաժշտություն»։

Եվ նա հարյուր տոկոսով իրավացի է։ Գրում  է արագ, ինքնաբուխ ու դա զգացվում է նրա չքնաղ ու անվերջ զարգացող մեղեդիներից։ 

Լավին «մալթիինսթրումենթալիսթ» է։ Նվագում է դաշնամուր, կիթառ, թավջութակ, ի դեպ 15 տարեկանից թավջութակ է նվագում ու երգում Ռեյկյավիկի սիմֆոնիկի հետ։ Ելույթներ է ունեցել և ունենում Լոս Անջելեսի սիմֆոնիկի հետ, մի կոլեկտիվ, որը ժամանակին գլխավորում էր Պլասիդո Դոմինգոն։  

Անձամբ ես, իսկապես, ուրախ եմ, որ հայտնվել է ընտիր, երիտասարդ երաժիշտ, երգահան ու երգչուհի, տաղանդավոր, համեստ ու մտածող։ Նրա մասին մասնագետներն ասում են, ոչ ավել ոչ պակաս․ «Լավին աշխարհ է եկել ջազը փրկելու․․․»։

Կփրկի Լավին ջազը, թե՝ չէ, դա էլ ժամանակը ցույց կտա, հիմա այնպես է, որ համարյա ամենուր ամեն ինչ փրկելու կարիք կա, որովհետև ամեն ինչի կեղծն է ելել ջրի երես։ Իսկ Լավին մաքուր է, զուլալ, բնական, առանց հավելումների, համարյա նախաստեղծ։

Ամենահայտնի երաժշտական, այս դեպքում կոնկրետ ջազի քննադատները գտնում են, որ նրա թավշյա ձայնն ու ընտիր տեխնիկան, գումարած երգեր գրելու արտակարգ ունակությանը ոչ այլ ինչ են, քան անսովոր ցայտուն և ուժեղ խարիզմայի ապացույցներ։  

Համամիտ եմ․․․ եթե նա կարողանում է իր համերգի ժամանակ այսօրվա 5 հազար հեռախոսից պոկ չեկող ջահելներիի Չեթ Բեյքեր լսել տալ, դա արդեն հերոսության պես բան է։

Նորից, Լավիի շնորհիվ, շատ շատերը սկսել են հիշել ջազի երևի երեք ամենակարկառուն դեմքերի անմահ անունները՝ Էլլա Ֆիցջերալդ, Սարահ Վոան, Բիլլի Հոլիդեյ․․․ասում են, որ աղջիկը եկել է նրանց մեծ գործը շարունակելու։ Մարդիկ երջանիկ են, որ հին, տրադիցիոն ջազը սկսել է վերականգնել դիրքերը։  

Եվս մի կատարում, ուր անվանի ու սիրելի Նորահ Ջոնսը հրավիրել է Լավիին թավջութակ նվագելու ու միասին երգելու Սուրբ Ծննդյան ամենահայտնի երգերից մեկը՝ Have Yourself a Merry Little Christmas: Ըմբոշխնեք։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button