Հիթ 1

Գործիքային երաժշտության լեգենդներից մեկը՝ Shakatak․ Հիթ 1

Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել 1980-ականներից հայտնի, ամենապրոֆեսիոնալ, ամենատաղանդավոր երաժիշտներով համալրված խմբերից մեկին։    

Սա շատ ճաշակով, ես կասեի բարձրագույն որակ ունեցող, հիանալի կատարողների միասնություն է, որը հայտնի է արդեն 4 տասնամյակ`որպես բրիտանական, հիմնականում, գործիքային երաժշտության լեգենդներից մեկը։ Խոսքը, իսկապես անկրկնելի, իր տեսակի մեջ եզակի “Shakatak”- ի մասին է։

Հիմա, մեր օրերում, կարող է թվալ, որ այսպիսի երաժշտություն շատ-շատ կա՝ ամեն քայլափոխի։ Ամերիկացիք  նույնիսկ տերմին ունեն  բնորոշող՝ «elevator music»՝ վերելակի երաժշտություն, ուր առաջին պլանում, 100-ից  99-ի դեպքում, սաքսոֆոնն է։ Մի քիչ քամահրանք կա այս տերմինի մեջ, թեև, իսկապես, հատկապես բարձրահարկ շենքերի վերելակներով վերուվար անելիս գրեթե միշտ կլսեք այդ գործիքային երաժշտությունը, որը, կներեք նվաստիս համարձակ կարծիքի համար, արդեն վաղուց սպառել է իրեն։ Սպառել է անընդհատ վերարտադրվելով ու տարբեր հնարանքների դիմելով։ Մանավանդ, որ վոկալ գրեթե չկա, այսինքն՝ երգիչներ չկան, որ բառեր երգեն։ Այդպիսով “elevator music”-ը դառնում է ֆոն, մի բան, որը միշտ բզզում է ականջիդ տակ, բայց չի լարում լսողությունդ ու հավելյալ ուշադրություն չի պահանջում, քանզի ոչ մի իմաստով ասելիք չունի։

Կհամարձակվեմ ասել նաև, որ նման կիրառական երաժշտության հիմքում անցյալի լավագույն, ինչ որ իմաստով էքսպերիմենտալ խմբերն էին և, նախևառաջ, իհարկե՝ “Shakatak”-ը։ Եվ, սակայն, լեգենդար  “Shakatak”-ի բարձրաճաշակ, նուրբ երաժշտությունն ո՜ւր, վերելակի միապաղաղ սաքսոֆոնն ուր․․․

“Shakatak”-ը  ջազ, ֆանք ու դրան հարակից երաժշտական ուղղություններում ստեղծագործող, առաջին իսկ օրվանից իրեն բնորոշ անփոփոխ ձեռագիրը հաստատած խումբ է, հիմնված 1980–ին, Լոնդոնում։ 1980 թվականից մինչ հիմա ակտիվ գործում է՝ համերգներ, ձայնագրություններ և այլն։ Հատկապես սիրում է համերգային շրջագայություններով հանդես գալ Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում․ այս երկրներում  նրան շատ են սիրում ու գնահատում։ Չի մոռանում նաև 2 տարին մեկ թողարկել նոր ալբոմ։

Խմբի գործերը բազում անգամ հայտնվել են հիթ շքերթներում, տարբեր չարթերում՝ գլխավորելով դրանք։ Բայց չեմ թվում այդ ամենը, որովհետև չեմ կարծում, որ նման վիճակագրությամբ է պայմանավորված այս կամ այն խմբի կամ կատարողի իրական վաստակը։

“Shakatak”-ի ստեղծագործություններում՝ ինչպես և շատ տարիներ առաջ, առաջին պլանում, գրեթե, միշտ երաժշտական գործիքների թագուհին է՝ դաշնամուրը կամ դրա էլեկտրոնային տարբեր կարգի մոդիֆիկացիաները։ Հաճախ կլսեք նաև սաքսոֆոն, ֆլութ, այսինքն՝ ֆլեյտա։ 

 Ծրագիրն ավարտելով՝ առաջարկեմ լսել լեգենդար “Shakatak”-ի լեգենդար գործը՝ Night Birds-ը՝ «Գիշերային թռչուններ»։ 1982-ին ձայնագրված ու թողարկված, խմբի այցեքարտը հանդիսացող, աշխարհի բոլոր ռադիոկայաններով տասնյակ, միլիոնավոր անգամ  հաղորդված, եթերային ու անմահ այս գործը լսում եմ արդեն 41 տարի։   

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button