Հիթ 1

Պելեի տարիներին ամեն ինչ գնել հնարավոր չէր. Հիթ 1

Ես այսօր ծրագրել էի բոլորովին այլ նյութ ներկայացնել ձեր ուշադրությանը, բայց վերջերս պատահեց այնպիսի մի բան, որը փոխեց իմ ծրագրերը։ Մեր այս երկրային կյանքին, ծանր հիվանդությունից հետո, ցավոք, հրաժեշտ տվեց ու երկինք գնաց ֆուտբոլի արքան՝ հանճարեղ Պելեն, իրական անունը Էդսոն Արանթես Դո Նասիմենթո։ Ի դեպ, եթե չեմ սխալվում, պորտուգալերեն նրա անունը հնչում է քիչ այլ կերպ՝  «ն» հնչյունը հաճախ սղվում է։

Ինչևէ․․․ Պելեն ծնվել է ֆուտբոլիստի ընտանիքում, հայրը նրան Էդսոն է անվանել ի պատիվ Թոմաս Էդիսոնի։ Տղան մեծացել է շատ չքավոր ընտանիքում։ Նա նույնիսկ գնդակ չուներ ու իր պաշտած ֆուտբոլն ընկերների հետ խաղում էր չուլուփալասով լցոնած գուլպայով, ինչպես մեր ավագներն էին ասում՝ թոփից գնդակով։ Իրականում էն թվերին ոչ ոք, իսկապես, հարուստ չէր։ Ուղղակի ժամանակներն էին այդպիսին։ Իր առաջին պայմանագրով՝ «Սանթոս» ակումբում խաղալու համար, Պելեն ամսական ստանում էր 10 դոլարին համարժեք գումար։

Ու թեև, նրան հետագայում շատ անգամներ հրավիրեցին աշխարհի լավագույն ու հարուստ ակումբները՝ նախանձելի գումարներով խաղալու, իրական հայրենասեր, ոտքից գլուխ բրազիլացի ֆուտբոլի աստվածն այդ հրավերները մերժեց․ ամեն ինչ չէ, որ փողով է այս կյանքում։ Կամ գոնե, Պելեի տարիներին ամեն ինչ գնել հնարավոր չէր։

Լավ, բայց ինչո՞ւ որոշեցի «Հիթ 1» երաժշտական հաղորդաշարի շրջանակներում խոսել նրա մասին․․․ Լսենք բրազիլական մի մեղեդային, աշխույժ երգ ու շարունակեմ պատմությունս։ Իսկ թե ով է այն երգում՝ երևի արդեն հասկացաք․․․

Եվ էլ ի՞նչ իրեն հարգող բրազիլացի, որին, եթե քնից հանես ու կիթառը տաս ձեռքը՝ չնվագի ու չերգի։ Ի դեպ, սիրողական մակարդակով երգողի համար Պելեն, իսկապես, լավ վոկալ է ցուցադրում։

Այն ժամանակ, հատկապես արևմուտքում ընդունված չէր (ու հիմա էլ առանձնապես ընդունված չէ) զանազան հրամակարգչային հնարանքներով ձայնը մաքրելը, ֆալշերն ուղղելը․․․կարճ ասած, Պելեն միշտ էլ լավ է երգել, սրտով ու վարակիչ անկեղծությամբ։ Ինչի՞ց է․․․երևի նրա ազատատենչ ժողովրդի ոգեղենությունից։ Ու, իհարկե նաև, Բրազիլի դրախտային բնությունից։ Եթե ինձ հարցնեք, թե ի՞նչ է տվել աշխարհին Պորտուգալիան, ես կասեմ՝ Բրազիլ։ Ի դեպ, այդպես է կոչվում Պելեի հայրենիքը, ոչ թե Բրազիլիա, այլ՝ Բրազիլ։ 

Պելեն ֆուտբոլը դարձրեց Բրազիլի համար մեկ խորհրդանիշը, ինքն էլ դառնալով այդ խորհրդանիշի խորհրդանիշը և Բրազիլի ազգային հերոսը։

«Նա չի մահացել»,- այս օրերին ասում են բրազիլացիներն ու նաև ոչ բրազիլացիները, բոլոր նրանք, ովքեր Պելեին համարում են իսկապես ֆուտբոլային աստված։ Նա գնացել է երկինք․․․ աստվածները չեն մահանում։

Ցուցադրել ավելի
Back to top button