Հիթ 1

Արևս, մի բան հաստատ է՝ ես սիրում եմ քեզ․ «Sunny» — Հիթ 1

 «Արևիկ»-ի սիրելի ռադիոլսող, ես Քրիստ Մանարյանն եմ, վարում եմ «Հիթ Մեկ» հաղորդաշարը, որը ներկայացնում է ամենահայտնի, ամենասիրված երգերի ստեղծման պատմությունները։

Այսօր առաջարկում եմ լսել մի հիրավի ախարհահռչակ երգ՝ ջերմ, լուսավոր, սիրով ու լավատեսությամբ լի, որը բոլորդ, անխտիր, լսել եք։ Բայց, գուցե, ոչ բոլորդ եք տեղյակ, թե ինչ նախապատմություն ունի այս ստեղծագործությունը։

Խոսքս «սոուլ» ստանդարտ ոճը ներկայացնող ”Sunny” երգի մասին է, որն աշխարհ պտտեց ու աշխարհ գրավեց հիմնականում Ֆրենկ Ֆարիանի ջանքերով ստեղծված գերմանական «Բոնի Էմ» փոփ խմբի կատարմամբ։ Այն միշտ կլսվի, քանզի դրական էներգիայի, անսպառ լավատեսության, անկեղծ սիրո ու անգերազանցելի մեղեդայնության մի կատարյալ խառնուրդ է, որի կարիքը, չեմ վախենա բարձրագոչ բառեր հնչեցնելուց՝ աշխարհը վաղուց ուներ։

Ոմանց կարծիքով՝ ”Sunny ”-ն սիրո խոստովանություն է սիրած էակին, մյուսը դրանում տեսնում է սեր՝ առ մայր, ընկեր, բնություն, արվեստ ու անգամ՝ սեր առ Աստված։ Դա լսողների իրավունքն է, եթե մարդն  իր հոգում, ստեղծագործության տպավորության տակ գծում է պատկեր, որն իր համար նվիրական է ու թանկ, նա ենթագիտակցաբար իր զգացածին էլ կհավատա՝ միանգամից ու վերջնական։

”Sunny ”-ին , որն անգլերեն նշանակում է արևոտ, արևով ողողված, իսկ գուցե նաև արևիկ՝ իսկապես ունիկալ երգերից մեկն է, ըստ էության համամարդկային, անհասցե, բայց յուրաքանչյուր լսողի համար՝ կոնկրետ հասցեական։

Ուզածդ իրեն հարգող կոմպոզիտոր, երգահան, երգի ընդամենը մի տունը լսելով, անսխալ կերպով կզգա ու կփաստի՝  ”Sunny ”-ին գրված է որպես էքսպրոմտ, մի շնչով, միանգամի՛ց։  

Հեղինակային իրավունքներով զբաղվող ամերիկան երեք ամենամեծ կազմակերպություններից մեկի՝ BMI-ի վարկածով  ”Sunny ”-ին՝    աշխարհի լավագույն 100 երգերի ցանկում 25-րդն է, եթե նման վիճակագրությունը ձեզ հետաքրքիր է։

Բայց ո՞վ է նրա հեղինակը, ո՞վ է այն երջանիկը, որն ապրել է էնպիսի մի համարձակ հոգեկան թռիչք, որ կարողացել է ստեղծել այս կատարյալ հոգու տոնը։

Պատկերացրեք, երգը գրողն ամենևին էլ երջանիկ չէր, հակառակը՝ ամենաիսկական դժբախտության մեջ էր, ողբերգական հոգեվիճակում, էն էլ՝ կրկնակի։ Բա ինչպե՞ս կարող է ողբերգություն ապրող մարդն էսքան լույս գտնել իր քարուքանդ եղած հոգում ու գրել ձոն արևավառ սիրուն։

Այ դա, արդեն, իսկական արվեստի ուժն է, այդպիսին է նվիրյալ ստեղծագործողը, պայծառ հոգի, ում առաքելությունը՝ խավարը լույսի վերածելն է․․․

Ձեզ շատ չտանջեմ․․․երգը գրել է ծագումով աֆրոամերիկացի երաժիշտ ու երգահան, «Բիթլզ» խմբի հետ Ամերիկայով մեկ շրջագայած (իսկ Լիվերպուլյան քառյակն ամեն պատահական երաժշտի թույլ չէր տա իր համերգների «տաքացնողը լինել»), տաղանդաշատ Բոբի Հեբը։ Ոմանք, գուցե, չեն էլ լսել նրա անունը։ Բայց փաստը մնում է փաստ՝ Բոբբի Հեբբը, սարսափելի հարբած՝ 1963 թվականի նոյեմբերի 23-ին բռնեց ու գրեց երգ՝ իր ապրած հոգեկան ցնցումների արդյունքում։

«Ես գրեցի երգ, որն ինձ կօգներ որևէ կերպ գալ հավասարակշռության։ Եվ խփեցի ուղիղ նշանակետին»։ Բոբին ինքն էլ կատարեց իր երգն ու շնորհակալ Ամերիկան հեղինակին միանգամից կոչեց ոչ ավել, ոչ պակաս՝ երաժշտական հանճար։

”Sunny ”, երեկ իմ կյանքը լեցուն էր անձրևով,

”Sunny ”, դու ժպտացիր ինձ ու իսկապես թեթևացրիր ցավս,

Մութ օրերն անցել են և պայծառ օրեր են եկել

Իմ արևիկը շողում է էնքան անկեղծ՝

Արևս, մի բան հաստատ է՝ ես սիրում եմ քեզ։

Իսկ ու՞մ է նվիրված ”Sunny ”- երգը։ Բոբի Հեբը դա այդպես էլ չբացահայտեց։ Պետք էլ չի, էդքան հողեղեն չլինենք՝  ”Sunny ”-ն սիրո օրհներգ է, ”Sunny ”-ն  նվիրված է բոլորիս։

Բոբի Հեբն ապրեց 72 տարի և մեզ լքեց 2010 թվականին։ Նա, ամերիկյան չափանիշներով՝ առանձնապես հարուստ էլ չէր՝ եղածը չեղածը, մոտավորապես, 16 միլիոն դոլարի թղթադրամ ու գույք։ Բայց նա ստեղծագործող էր, ով անցնելով ծանր փորձությունների միջով, որոնք գուցե մեկ ուրիշին ճզմեին ու ոչնչացնեին, գրեց մեզ հայտնի ամենակենսունակ ու ծագող արևի պես պայծառ երգերից մեկը, նա  ”Sunny ”-ի հեղինակն էր։

Մեծ երգերը աշխարհ են գալիս միաբանելու մարդկանց  ու հաղթահարում են նրանց բաժանող բոլոր թվացյալ պատնեշները՝ լեզվական, մշակութային ու հոգեբանական։

Մի երաժշտական քննադատ ասել է․ «Ի՞նչ է երջանկությունը․․․պատկերացրեք, որ 80-ականներում եք, որևէ լավ բարում ու հանկարծ հնչում է ”Sunny ”-ն, պատկերացրեք, թե ինչ կկատարվի էդ բարում։ Այ դա էլ՝ երջանկությունն է»։

Արև ու սեր բոլորիդ։

Ցուցադրել ավելի
Back to top button