ՏՏ ոլորտում լավագույն ուսանողները պարգևատրվել են

Տեղի է ունեցել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը, պաշտոնատար այլ անձինք:
«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» հիմնվել է 2005 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ:
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ակտիվ են համայնքային ծրագրերում:

Նշենք, որ այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող հետևյալ բուհերից՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Եվրոպական համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:
Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում.
- Գլխավոր մրցանակ «Գրան պրի»
- Լավագույն ասպիրանտ
- Լավագույն մագիստրանտ
- Լավագույն բակալավր
- Լավագույն սփյուռքահայ մասնակից
Հատկանշական է, որ մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարի կար «Գլխավոր մրցանակ»-ի հաղթող. ԵՊՀ ուսանող Գարիկ Պետրոսյանն է: Նա շնորհավորել է մյուս հաղթողներին և հույս հայտնել, որ ապագայում իրենցից յուրաքանչյուրը սեփական ներդրումը կունենա պետական բյուջեում:
