Լուրեր

Բացվել է «Մեծամորի ոսկին» ցուցահանդեսը՝ ներկայացված պեղումների ընթացքում հայտնաբերված թանկարժեք զարդերով

Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։

«Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։

Հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի ներկայացմամբ՝ բոլոր ցուցանմուշները յուրահատուկ են ու շատ կարևոր, որովհետև արտացոլում են մի ամբողջ ժամանակահատվածի արվեստն ու մշակույթը: Նրա խոսքով՝ այն, ինչ ներկայացված է, միայն Մեծամորի պեղումներից է ստացվել: Փիլիպոսյանի հավաստիացմամբ՝ ցանկացած հնագիտական առարկա պետք է ներկայանա իր միջավայրում՝ հուշարձանին կից կամ մոտ կառուցված թանգարանում, որպեսզի և՛ պահպանությունն ապահովվի, և՛ պատմամշակութային համայնապատկերը չխաթարվի:

Նշենք, որ «Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրությանը նախորդել է «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը, որը նվիրված էր 2017-2021 թթ․ հնավայրի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button