Հա՛ֆ, մյաո՜ւ

Նա էլ իրավունք ունի փոքրիկ երջանկության ․․․ Հա՛ֆ, մյաո՜ւ

Որոշեցի մի քիչ խոսել կենդանիներ որդեգրելուց։ Երբեք առանձնապես հիացած չեմ եղել սոցցանցերով, որովհետև շատ ու շատ մարդիկ՝ կտրվելով իրենց գործերից ու անմիջական պարտականություններից, պատահում է, ժամերով թափառում են Ֆեյսբուքում ու Ինսթագրամում։ Վիճում, բանավիճում են՝ գրառումներ անում, հետո կարդում են դրանց տակ արվող մեկնաբանությունները, սկսում են մեկնաբանություններին մեկնաբանություններով պատասխանել, էդպես կորցնում են ժամեր, փչացնում են տեսողությունն ու նյարդերը, իսկ թե ինչ են շահում փոխարենը, բացի ինքնահաստատվելուց՝ դժվար է ասել։

Սակայն, ըստ իս, մի լավ բան ցանցերը մեզ տալիս են․ խոսքը համացանցերում ծավալվող կենդանասերների ակտիվ գործունեությունն է՝  օպերատիվ կերպով շատերը դնում են նյութեր, առ այն, որ փողոցում ասենք շուն կամ կատու է կորել, մյուսներն արագ տարածում են այն և կենդանին գտնվում է։ Կամ՝ անտեր կատու կամ շուն կա, հիվանդ է կամ վիրավոր, կամ՝ ուտելիք չունի։ Բարի մարդիկ բավական արագ արձագանքում են, ում ձեռքից ինչ գալիս է՝ անում են, կենդանուն շատ դեպքերում գոնե անհրաժեշտ, առաջին օգնություն ցուցաբերվում է։

Հաճախ հանդիպում են էսպիսի գրառումների՝ կնվիրեմ կատվի կամ շան ձագ, հիմնականում, իհարկե, ոչ ցեղական։ Բայց, շատերը կան, որ առաջին հայացքից սիրահարվում են էդ ձագերին ու հաճախ դրանք տերեր են գտնում, տաք անկյուն ու սնունդ։ Դա պարզապես հիանալի է։

Ինքս միշտ հետևում են նման հրապարակումներին, եթե մի բանով կարող եմ օգնել, անպայման արձագանքում եմ կամ գոնե, ըստ իս՝ արժեցող խորհուրդ եմ տալիս։

Գիտեք, որքան դժվար է կենդանիների համար  ձմռան ցրտին մնալ առանց օթևան ու առանց սնունդ՝ ամեն տեսակի վտանգներով լի փողոցներում ու բակերում։ Հասկանալի է, որ գոյություն ունի բնական ընտրություն ու ողջ են մնում ուժեղները, համառները, ճարպիկները։

Բայց սովորական մարդկային խիղճը հուշում է մեզ օգնել թույլերին ու անօգնականներին, ի՞նչ մեղք ունեն նրանք, որ աշխարհ են եկել ոչ ամուր կազմվածքով, թույլ առողջությամբ, կամ անհոգի մարդկանց կողմից հալածվել են ու օգնություն են խնդրում, աղերսում ։

Աստվածներն էնպես են կամեցել, որ հատկապես շներն ու կատուները մեզ էսպես թե էնպես՝ ուղեկցեն մեր ողջ կյանքի ընթացքում։

Պետք է սովորել ապրել նրանց հետ, միասին, մեր ունեցածը նրանց հետ կիսելով ու հոգեկան բավարարվածություն ստանալով էն մտքից, որ մեր սիրելիների ոչ մեծ ցանկում մեկն էլ ավելացավ՝ թող որ բեղերով, պոչով, մազմզոտ, մեր լեզվով չխոսող, չորեքթաթ ման եկող, բայց մեզ էնքան սիրող ու նվիրված մեկը։

Ցուցադրել ավելի
Back to top button