Լուրեր

«Աշխարհի թանգարանները». Թոմ Թիթի փորձարկումների թանգարան

Ստոկհոլմի Սեդերտելյե արվարձանում է գտնվում աշխարհի հայտնի գիտության թանգարաններից մեկը՝ Թոմ Թիթի փորձարկումների թանգարանը։

Շատ երկրներում կան թանգարաններ, որոնց նպատակը հատկապես երեխաների համար գիտությունն ու տեխնոլոգիաները հետաքրքիր ու մատչելի դարձնելն է, բայց այս մեկն առանձնանում է իր թե՛ տարածքով, թե՛ փորձարարական մոդելների քանակով և թե՛ երեխաներին տրված հնարավորությամբ։

Թանգարանն զբաղեցնում է 16 հազար քառակուսի մետր մակերես, ընդգրկում է մեծ քառահարկ շենքն ու հարակից պուրակը։ 610 գործող փորձարարական մոդելներից մոտ հարյուրը հենց պուրակում էլ տեղադրված են․ դրանց միջոցով կարելի է ինքնուրույն շատրվան ստեղծել, հասկանալ արևի ժամացույցի աշխատանքը, անգամ՝ երկրաշարժ սարքել։

Թոմ Թիթի փորձարկումների  թանգարանում  կարելի է ոչ միայն տեսականորեն ծանոթանալ գիտության տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի, այլև ականատես լինել փորձերին, ինքնուրույն փորձարկումների միջոցով հայտնագործություններ անել, սարքել և ինչու չէ, նաև քանդել տարբեր մեխանիզմներ՝ դրանց աշխատանքն ավելի լավ հասկանալու համար։

Երեխաներին թույլ է տրվում դիպչել ամեն ինչի, փորձարկել ամեն սարք ու սարքավորում, մտնել ամենուր, և այո, նաև քանդել։ Իսկ քառահարկ շենքում կան աստղադիտարան, հայելիների լաբիրինթոս, մեքենայի ապամոնտաժված մոդելներ, մարդու մարմնի կազմությունն ուսումնասիրելու առանձին բաժանմունք։

Քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունն ու տեխնոլոգիաներն այստեղ այնքան հետաքրքիր են բացահայտվում  երեխաների համար, որ դրանք չսիրել հնարավոր չէ։ Էլ չասենք այն մասին, որ մանկությունից ուղեկցող շատ «ինչուներ» այստեղ պարզ ու մատչելի պատասխաններ են գտնում հենց հարցը տվողի ակտիվ մասնակցությամբ։

Իսկ ո՞վ է Թոմ Թիթը, որի անունով կոչվել է այս աշխարհահռչակ կենտրոնը։ Պարզվում է, որ նա հորինված կերպար է՝  հետաքրքրարժ փորձերի մասին պատմող կոմիքսների հայտնի հերոս։ Երբ այս թանգարանն ստեղծելու գաղափարն առաջացել է, սկզբում հենց այս հորինված կերպարի՝ կոմիքսներում արձանագրված փորձերն են ի մի բերել, դարձրել իրականություն, ապա դրանք լրացրել նոր փորձարկումներով, հետո նաև կենսաբանությանն ու տեխնոլոգիաներին վերաբերող բաժիններն ստեղծել։

Մի խոսքով՝ հետաքրքիր վայր է Թոմ Թիթի փորձարկումների թանգարանը, ֆիզիկա, քիմիա ու կենսաբանություն սովորելու հրաշալի միջավայր։

Ցուցադրել ավելի
Back to top button