Լուրեր

Ամփոփվել է «ՄԱԹԵՄարդ» արշավը

Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ ‹‹Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում›› տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը: «ՄԱԹԵՄարդ» արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022թ․  խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»:

«ՄԱԹԵՄարդ» արշավի շրջանակում Երևանում և Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել է 10-14 տարեկան 40 աղջիկ։ Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի ուղղորդմամբ և մենթորների՝ երիտասարդ կին գիտնականների օգնությամբ սովորել են կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։

«ՄԱԹԵՄարդ» արշավի շրջանակում ՄԱԶԾ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմը՝ ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ են կազմակերպել, որին ավելի քան 300 պատանի է մասնակցել։ Միջոցառման ընթացքում լավագույն լուսանկարների հեղինակները ստացել են հատուկ մրցանակներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը:

Ցուցադրել ավելի
Back to top button