Մեկնարկ

Հետազոտողները. Մեկնարկ

«Մեկնարկ» ծրագրի հյուրերը ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանը և նույն դպրոցի 12-րդցիներ Մանե Կուրղինյանը և Մհեր Սարաֆյանն են։
2022 թվականի Համադպրոցական գիտության փառատոնում հաղթած տասնմեկ նախագծերի առաջին եռյակում, որն ստացել է իրավունք մասնակցելու մայիսին ԱՄՆ-ում անցկացվելիք միջազգային մրցույթին, նաև «Հերացի» դպրոցի նախագիծն է ընդգրկված։ «Էկոպրոտեին․ երեք խնդիր, մեկ լուծում»․ այսպես է կոչվում նախագիծը։
«Երբ սկսվեց նախագծի վրա աշխատանքը, սպասու՞մ էիք, որ կհաղթեք»․ այս հարցով դիմում ենք Մհերին և Մանեին։

Մանե — Մհերը՝ այո, ես՝ ոչ։
Մհեր — Քանի որ մասնակցում էի երկրորդ անգամ, ավելի տրամադրված էի հաղթանակի, գիտեի՝ ի՛նչ կանոններ կան, ի՛նչ հարցերի շուրջ է պետք կենտրոնանալ, որպեսզի հաղթելու շանսերն ավելի մեծ լինեն։ Եվ այն, որ նախագիծը գլոբալ խնդրի լուծման էր նվիրված, դա ևս հաղթանակի համար կարևոր պայման էր։


Մանե — Ինչու՞ ես վստահ չէի։ Որպես սկիզբ՝ նույնը կասեմ, ինչ Մհերը․ քանի որ երկրորդ անգամ էի մասնակցում, գիտեի, որ այնտեղ շատ հետաքրքիր նախագծեր կան, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում շատ կարևոր է, և դրանց վրա շատ լուրջ աշխատանք է տարված, և կարծում էի, որ մրցակցությունը մեծ է լինելու։ Այդպես էլ կար․ լուրջ մրցակցություն էր, բայց մենք հաղթեցինք։


Ռ․ Հարությունյան — Իրականում այս պահին ամբողջ աշխարհում գիտության նկատմամբ միտումն այնպիսին է, որ գնահատվում են գործնական նախագծերը, այն աշխատանքները, այն մտքերը, որոնք բերում են գործնական լուծումների։ Իհարկե, ֆունդամենտալ գիտությունը ևս կարևոր է, բայց գործնական քայլերը պակասում են ողջ աշխարհի համար։ Այս նախագիծը, քանի որ և՛ էկոպրոտեին է ներառում, այսինքն՝ էկոլոգիապես մաքուր, առանց հավելումների, և՛ նաև առաջարկում է գլոբալ պարենային խնդրի լուծում, այս տեսակետից մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Եվ երբ ժյուրին, անկախ դիտորդները, սովորական այցելուները շրջում էին նախագծերի մոտով, շատ հետաքրքիր էր, որ միանգամից երևում էր այս նախագծի հանդեպ հետաքրքրությունը։ Անպայման կանգ էին առնում, հարցեր էին տալիս, և երևում էր, որ բոլորին է հետաքրքրում։ Ուզում եմ անպայման նշել, որ ծրագիրը և թեման աշակերտների կողմից է ներկայացված եղել։ Հետազոտության մեջ կա այսպիսի մի ոլորտ, երբ ուսուցիչն ընդամենը ուղղորդողի դեր է կատարում։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button