Լուրեր

STARMUS VI փառատոնի շրջանակներում Հայաստանում կլինեն հանրահայտ գիտնականներ ու երաժիշտներ

STARMUS VI փառատոնը Հայաստան է գալու՝ մարդկանց հիշեցնելու գիտության կարևորության մասին. դրա շրջանակներում ուսանողներն ու դպրոցականները հնարավորություն կունենան հանդիպել և շփվել Նոբելյան մրցանակակիրների, երաժշտության  ոլորտի համաշխարհային աստղերի, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչների հետ։

Հայաստանում սեպտեմբերին կայանալիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝  մարզերում։

STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, մեկտեղել գիտությունն ու արվեստը, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար։ Միևնույն ժամանակ փառատոնի անցկացումը Հայաստանում կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։ Աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆե կղզում (Իսպանիա) 2011 թվականին և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ Այն այս տարի նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

Ցուցադրել ավելի
Back to top button