Մեկնարկ

Հանդիպումներ դպրոց–բուհ ճանապարհին. Մեկնարկ

Հաճախ է հնչում այն միտքը,որ պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում խանգարող հանգամանքներից մեկն էլ այն է, որ հանրակրթության փուլն ավարտելով՝ նրանք հաճախ չեն պատկերացնում, թե ինչ մասնագիտություններ կան, և եղածներն ինչ են առաջարկում իրենց, գործունեության ինչ դաշտ է իրենց սպասում։ Եվ, չնայած ֆիզիկոսի մասնագիտությունը թվում է, թե ամենահայտնիներից է, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր–պրոֆեսոր  Ռ․ Հակոբյանը ևս սա խնդիր է համարում և իր աշխատանքային գործունեության մի ոլորտ նվիրել է հենց այդ բացը լրացնելուն՝ դպրոցների և դպրոցականների հետ աշխատանքին։ Հատկապես վերջին մեկ տարին այս առումով առավել աշխույժ է եղել։

Ռ․ Հակոբյան – «Այո, մենք մտածեցինք, որ իրազեկվածության խնդիր կա, որ դպրոցականները լավ չեն պատկերացնում, թե ինչ հնարավորություններ են նրանց սպասում, և պետք է անպայման այցելել դպրոցներ, տեղեկացնել, թե ընդհանրապես այսօր ֆիզիկան աշխարհում ինչ է իրենից ներկայացնում, ինչ հնարավորություններ կան, ինչ հետաքրքրություններ, պրոբլեմներ կան և կոնկրետ ֆիզիկայի ֆակուլտետում ինչ նոր մասնագիտություններ են բացվել, ինչ հնարավորություն են իրենք ստանում այդ մասնագիտություններն ընտրելով։

Մենք որոշեցինք կրկնապատկել, եռապատկել մեր այցելությունները դպրոց։ Գնում ենք գլխավորապես մարզեր, որովհետև քաղաքում, բոլոր դեպքերում, դպրոցականներն ավելի շատ հնարավորություն ունեն ֆակուլտետներ այցելելու, իմանալու՝ ինչե՞ր կան, իսկ մարզերում այդ առումով ավելի դժվար է։ Դրա համար ավելի մեծ ուշադրություն հենց մարզերին ենք դարձնում։ Եվ այս տարի նորություն է այն, որ մենք որոշեցինք մեր ուսանողների՛ հետ այցելել մարզեր։ Ընդ որում, եթե ուսանող ունենք, որը տվյալ դպրոցի շրջանավարտ է, աշխատում ենք հենց նրա հետ այցելել այդ դպրոց։ Պարզվեց, որ սա բավականին մեծ էֆեկտ է տալիս, ավելի ոգևորիչ է լինում դպրոցականների համար նրանց հետ շփումը։

Այդ այցելությունների որակն էլ է աստիճանաբար փոխվում, և մենք ավելի շատ ենք դրանց արդյունքը տեսնում։ Իհարկե, այդ արդյունքի չափը գնահատելու համար ժամանակ է պետք, բայց որ այն կա, հաստատ է։

Բայց միայն դպրոց այցելելը բավական չէ դպրոցականների համար այս մասնագիտությունը բացահայտելու համար։ Այդ նպատակին են ծառայում նաև այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են իրենց՝ դպրոցականներին ֆակուլտետ բերելու, ֆակուլտետի անցուդարձին ծանոթացնելու համար»։

Ցուցադրել ավելի
Back to top button