Լուրեր

Տավուշի մարզում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր կբացվի

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով:

Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ:

Կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ:

Հիմնադրամի ստեղծման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Ցուցադրել ավելի
Back to top button