Լուրեր

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է «Ինքնաճանաչում. Էրեբունի» ցուցահանդեսը  

Հունիսի 1–ին, Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում բացվեց «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով ցուցահանդեսը։ Այն «Ինքնաճանաչում. Էրեբունի» կրթական-հետազոտական և ստեղծագործական նախագծի ամփոփումն է, որը Գեղագիտության ազգային կենտրոնն իրականացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ։

Կենտրոնի կերպարվեստի արվեստանոցների 6-17 տարեկան սաները մշակված հատուկ ծրագրով ուսումնասիրել են ուրարտական ժամանակաշրջանից մեզ ժառանգություն մնացած նյութը, ապա՝  իրենց աշխատանքներով տվել պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։

Երեխաներն աշխատել են տարբեր ուղղություններով՝ գեղանկարչություն, կիրառական-դեկորատիվ արվեստ: Ներկայացվել է մոտ 200 աշխատանք:

«Մենք խոսում ենք ուրարտական ժառանգության մասին, բայց շատ կարևոր է այդ ամենին տեղյակ ու տեր լինելը: Սիրով մեր հարկի տակ ընդունեցինք երեխաներին, իրականացվեցին վարպետաց դասեր, էքսկուրսիաներ, շեշտվեց նաև Կարմիր բլուրի և Շենգավիթ հնավայրերի կարևորությունը: Կարծում եմ՝ նման միջոցառումների կարիք մենք շատ ունենք»,- ցուցահանդեսի մասին խոսելիս նշել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 1-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button