Լուրեր

Շատ մարզական օր է այսօր

Արդեն 38 տարի է, ինչ հունիսի 23–ն աշխարհում նշվում է որպես Միջազգային օլիմպիական օր։ Այդպիսի որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն 1984 թվականի հունվարին, Սանկտ-Մորիցիում կայացած նստաշրջանում։

Օրվա ընտրությունը պատահական չէր։ Երբ 1894թվականի հունիսին Փարիզում տեղի ունեցավ ֆիզիկական կրթության և դաստիարակության խնդիրներին նվիրված միջազգային մարմնակրթական կոնգրեսը, օլիմպիական շարժման վերածննդի նախանձախնդիրներից մեկը՝ բարոն Պիեռ Կուբերտենը, հենց հունիսի 23–ին հանդես եկավ իր զեկույցով, որով հավաքվածներին ներկայացրեց Օլիմպիական խաղերի՝ իր կողմից մշակված կազմակերպական հիմքերը։

Կոնգրեսը հավանության արժանացրեց բարոնի՝ հին հունական օլիմպիադաների վերածննդին ուղղված առաջարկությունը և ընդունեց այն կետը, որ 4 տարին մեկ պետք է անցկացվեն օլիմպիական խաղեր և դրանց մասնակցելու պետք է հրավիրվեն բոլոր ժողովուրդները։

Եվ քանի որ բարոն Կուբերտենի այդ օրվա ելույթը Օլիմպիական շարժման վերածննդի գործում ունեցած ավանդի առումով նշանակալի է համարվում, հենց հունիսի 23–ն էլ դարձավ Միջազգային օլիմպիական շարժման օրը։

Ի դեպ, երբ 1896թվականին Հունաստանում անցկացվեցին նորագույն ժամանակների առաջին օլիմպիական խաղերը, այն ժամանակ դրանց մասնակցում էր ընդամենը 14 երկրի 241 մարզիկ՝ պայքարելով 9 մարզաձևերում մեդալների համար։

2004 թվականին դարձյալ Հունստանում անցկացվող Օլիմպիական խաղերին արդեն մասնակցում էր 202 երկրից 11000 մարզիկ, և նրանք արդեն պայքարում էին 28 մարզաձևերում մեդալների համար։ Բարոն Կուբերտենի ջանքերը, իհարկե, ապարդյուն չեն անցել։

Դե, իսկ երբ ասում ենք, որ այսօր մարզական օր է, ոչ միայն այս փաստը նկատի ունենք, այլև այն, որ 2009 թվականից սկսած Հայաստանում նշվում է ֆիզկուլտուրայի օրը։

Այնպես, որ՝ եթե այս առավոտի համար առանձնապես կարևոր գործեր չեք նախատեսել, քանի դեռ շոգ չէ, գնացեք մոտակա այգում վազելու կամ մարզվելու, որովհետև․․․դե, ասացինք, չէ՞, շատ մարզական օր է այսօր․․․

Ցուցադրել ավելի
Back to top button