Լուրեր

Խաչբառի ստեղծման 3 վարկածները

Այն, ինչը ժամանակակից մարդիկ «խաչբառ» են անվանում, ծնվել է ոչ շատ հին ժամանակներում։

Խաչբառի հայրենիքի հավակնորդ երեք երկիր կա․ Մեծ Բրիտանիան, Հարավ–Աֆրիկյան հանրապետությունը և ԱՄՆ–ն։

Բրիտանացիների կարծիքով առաջին խաչբառերը տպագրվում էին՝ սկսած 19–րդ դարի կեսերից այնպիսի հարգարժան թերթում, ինչպիսին «Թայմսն» է։ Եվ առաջին խաչբառերի հեղինակն էլ Մայքլ Դևիսն է եղել։ Այդ խաչբառերը շատ պարզ էին և նախատեսված էին երեխաների համար։ Առաջադրանքն էլ հետևյալն էր․ լրացնել քառակուսու վանդակներն այնպես, որ և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց շարքերում ստացվի նույն բառը։

Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում խաչբառերի ծագման մասին այսպիսի պատմություն է հայտնի։ 20–րդ դարի սկզբում Վիկտոր Օրվիլ անունով մի մարդ, որը ավտովթարի էր ենթարկել մեկին, դատապարտվում է 3 տարվա ազատազրկման։ Նրա բանտախցի հատակը քարե սալիկներով էր ծածկված։ Օրվիլը ձանձրույթից ինքն իր համար զբաղմունք է հորինում․ սկսում է սալիկները լրացնել հատվող բառերի տառերով։ Զբաղմունքը նրան դուր է գալիս, և նա սկսում է այս ամենը թղթի վրա փորձել։ նա վանդակավոր քառակուսի է գծում, հատվող բառերը տեղադրում քառակուսւ մեջ և բառերից յուրաքանչյուրի համար բնութագրումներ մտածում։ Այս ամբողջը Օրվիլը փոստով ուղարկում է ներկայիս Քեյփթաուն քաղաքի հայտնի թերթերից մեկի խմբագրություն՝ խաղն անվանելով՝ «Այսուայնկողմ՝ վանդակներով»։

Թերթի խմբագիրը երեկոյան ընկերների մոտ բողոքում է, որ իրեն ինչ նամակներ ասես, որ չեն ուղարկում, գործից կտրում, ահա, անգամ բանտից են գրում։ Եվ ցույց է տալիս Օրվիլի ուղարկածն ընկերներին։ Խմբագրի և նրա ընկերների երեկոն այդ օրը շատ հետաքրքիր է անցնում․ ողջ երեկո նրանք լուծում են խաչբառը, որից հետո այն տեղ է գտնում թերթում։

Օրվիլն սկսում է խաչբառեր կազմել թերթերի համար, իսկ բանտից դուրս գալուց հետո պարզվում է, որ նրա հաշվեհամարի վրա կլորիկ մի գումար է հավաքվել՝ խաչբառերի հոնորարը։

Ամերիկացիները վստահ են, որ աշխարհում առաջին խաչբառը  լույս է տեսել 1913 թվականին «Նյու Յորք Ուորլդ» թերթի հավելվածում, իսկ դրա հեղինակը թերթի աշխատակից Արթուր Ուինն է եղել։ Հրատարակիչը պատվիրում է Ուիննին Ծննդյան տոներին ընդառաջ թերթի համար մի հավելված կազմել, որը հետաքրքիր կլիներ ողջ ընտանիքի համար։

Ուիննը մտածում է երկար և հանկարծ հիշում մանկության տարիներին պապիկի սովորեցրած խաղը՝ «մոգական վանդակները», որի խնդիրը ուղղահայաց և հորիզոնական վանդակները նույն բառերով լրացնելն էր։

Ոիննը կատարելագործում է խաղը, որոշում, որ ավելի հետաքրքիր կլինի, եթե տարբեր բառեր հատվեն և ոչ թե նույն բառը․․․ «Այսպես է ծնվել ժամանակակից խաչբառը»,–ասում են ամերիկացիները․․․

Թե երեք վարկածներից որն է ճիշտ, դժվար է ասել, հատկապես որ հնագետներն ասում են, որ առաջին խաչբառերը ստեղծվել են 3–րդից 4–րդ դարերում և ապացույցներ էլ բերում են, բայց սա ուրիշ պատմություն է, և դրա մասին՝ մեկ այլ անգամ կպատմենք։ Իսկ հիմա, ինչ կա որ, կարելի է և խաչբառ լուծել․․․

Ցուցադրել ավելի
Back to top button