Մեկնարկ

Նախագծային աշխատանք․ բացահայտումների ճանապարհ. Մեկնարկ

Այս ուսումնական տարում էլ, ինչպես նախորդի երկրորդ կիսամյակում, դպրոցներում կձևավորվեն տարբեր թիմեր, կտրվեն թեմաներ՝ նախագծային աշխատանքներ կատարելու համար։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ որոշեցինք ներկայացնել դեռևս անցած տարի ուշագրավ նախագծային աշխատանք կատարած մի թիմի, որի աշխատանքը, ի դեպ, չի մնացել դպրոցի շրջանակում, այլ նաև մասնակցել է միջազգային մրցույթի։

Թիմի ղեկավարը Երևանի Հ․ Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Նաիրա Երկանյանն է եղել, իսկ թիմում ընդգրկված են եղել նույն դպրոցի աշակերտներ Օֆելյան, Ալեքսը, Սեդան, Արմինան, Իրենը, Նադեժդան, Լաուրան․․․

Աշխատանքի թեման՝ «Երևանի «Բարեկամության» մետրոյի և շրջակայքի խորհրդային և հետխորհրդային փոխակերպումները հիշողության լանդշաֆտի բացահայտման միջոցով»։

Թիմի հինգ ամսվա աշխատանքի արդյունքում հավաքվել է հսկայական նյութ, որը պետք է ի մի բերվեր տեսահոլովակում։ Հինգ ամսվա աշխատանքն, ի վերջո, կարողացել են տեղավորել մոտ 13 րոպե տևողություն ունեցող տեսահոլովակում և․․․ստացել են «Լավագույն քննադատական անդրադարձ հետազոտվող նյութին» մրցանակը, ինչն էլ հնարավորություն է տվել մասնակցելու օգոստոսի սկզբին Վրաստանում կազմակերպված հավաքին։

Ինչպե՞ս կազմվեց թիմը, ինչպե՞ս աշխատեցին, ի՞նչ տվեց այս աշխատանքն իրենց, ի՞նչ բացահայտեցին իրենք իրե՛նց համար․․․Այս հարցերի շուրջ է մեր զրույցը․․․

Ն․ Երկանյան — Թեման սկզբում անսովոր թվաց, բայց, այն ուսումնասիրելով, մենք ստեղծեցինք հետազոտական հիանալի աշխատանք։ Ուզում եմ անպայման շեշտել, որ պատմության դասավանդման մեջ սկսեցինք նոր մեթոդ կիրառել՝ բանավոր ուսումնասիրության մեթոդը։ Երեխաները հարցազրույցներ են վարել ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլև թաղամասի բնակիչների, անգամ՝ Կիևյան կամրջի շինարարությանը մասնակցած մարդկանց հետ։ Ողջ այս աշխատանքը կարողություններ էր զարգացնում, հաղորդակցվելու, էթիկայի կանոնների ձևավորում էր ենթադրում։ Այս ամբողջը թե՛ իրենց, թե՛ ինձ տվեց մեծ փորձ։

Օֆելյա — «Պատմություն» առարկան ինձ շատ է հետաքրքրում․ թե՛ հայոց, թե՛ համաշխարհային պատմությունը սիրով եմ ուսումնասիրում։ Երբ լսեցի, որ խորհրդային տարներին է վերաբերում թեման, որոշեցի, որ անպայման պետք է մասնակցեմ, որովհետև պատմության այդ շրջանի մասին դասագրքերում շատ քիչ բան կա։ Ասում են, որ այդ մեծ կայսրությունը երկաթե վարագույրով անջատված էր աշխարհից։ Ու շատ հետաքրքիր էր, թե այնտեղ ինչպես են ժողովուրդները շփվել, ինչ բարեկամության մասին է խոսքը, որովհետև հետխորհրդային տարիներին, տեսնում ենք, որ չկա էդ բարեկամությունը։ Անընդհատ կռիվներ են, պատերազմներ․․․

Ալեքս — Շփվեցինք շատ տարբեր մարդկանց հետ։ Ինֆորմացիան ահռելի էր, և մշակելուց հետո հասկացանք, որ ժողովուրդների հարաբերվելը և պետությունների հարաբերվելը շատ տարբեր են։ Առանձին պետությունների հարաբերություններում թշնամանքի բացակայությունը չի նշանակում, որ ժողովուրդների միջև դա չկա ու դրա վերացման համար աշխատանքը մեծ պետք է լինի։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button