Մայրիկի դպրոց

Հե՞շտ գործ է արև նկարելը. Մայրիկի դպրոց

«Մայրիկի դպրոցում» այսօր հյուրընկալել ենք հոգեբան Արմինե Վարդանյանին։

Հարց – Այն պահից, երբ երեխան սկսում է դպրոց հաճախել, մոր և երեխայի հարաբերություններում  նոր շերտ է հայտնվում, պատասխանատվության և պարտականությունների նոր սահմաններ են գծվում։ Ի՞նչ պետք է իմանա մայրը այս փուլի մասին, ի՞նչ պետք է անի և ինչի՞ց խուսափի։

Ա․ Վարդանյան – Իսկապես, երբ երեխան մուտք է գործում դպրոց, կյանքը էապես փոխվում է և՛ երեխայի, և՛ ծնողի համար։ Եվ այստեղ չեն կարող փոփոխության չենթարկվել ծնող–երեխա փոխհարաբերությունները։ Առաջանում է նորովի փոխհարաբերվելու առիթ՝ դասերը։ Երկուստեք նոր պարտականություններ են հայտնվում․ և՛ երեխան ունի պարտականություն պատրաստ դպրոց ներկայանալու, և՛ ծնողն է ինչ–որ առումով իրեն պատասխանատու և պարտավոր զգում, որ երեխան պատրաստ, գերազանց պատրաստվածությամբ գնա դպրոց։ Հենց այստեղից, ծնողների հենց այս պատկերացումներից էլ առաջանում են հիմնական խնդիրները։

Շատ կարևոր է որպես ծնող հստակեցնել և հասկանալ․ երբ երեխաս մուտք է գործում դպրոց, ի՞նչ է տեղի ունենում, և ես, որպես ծնող, ի՞նչ դեր ու պատասխանատվություն ունեմ այս փուլում։ Եվ երբ այստեղ ունենում ենք ոչ այնքան ռացիոնալ, հիմնավոր պատկերացումներ՝ որպես դպրոցականի մամա, սկսվում են մեր խնդիրները։

Որպեսզի մենք նոր դպրոց գնացող երեխայի հետ փոխհարաբերությունների խնդիր չունենանք, առաջին հերթին պիտի հասկանանք, որ մեր երեխան մուտք է գործել մի նոր աշխարհ, որտեղ ոչ թե անընդհատ ներկայացվող պահանջների կարիք ունի, այլ կարիք ունի օգնության, աջակցության, իր կողքին լինելու զգացողության։ Եվ մենք, որպես ծնող պետք է լինենք մեկը, ով իր ձեռքը բռնած կսովորեցնի վստահ քայլել դպրոցի աշխարհում։

Մենք՝ ծնողներս, շատ հաճախ մտածում ենք՝ դե, պարզ բան է, էլի, մի հատ արև պիտի նկարի կամ մի բան պիտի ուրվագծի։ Բայց, ախր, երեխան, չգիտի՝ մատիտը աջից ձա՞խ պիտի տանի, թե՞ հակառակը, կամ, եթե ներկելիս գծի սահմանից դուրս գա, արդյո՞ք հնարավոր կլինի շտկել, թե՞ ոչ։ Սրանք պարզունակ բաներ են, որոնք իսկապես կարող են երեխային անհանգստացնել և վանել դասապրոցեսում ։

Ամենակարևորը․ միշտ պիտի հիշենք, որ մեր և մեր երեխաների առողջ փոխհարաբերություններն ամենակարևորն են։ Թե՛ դասերը, թե՛ երեխայի կողմից մեր չարդարացրած սպասելիքները, թե՛ չբավարարված պահանջմունքները որևէ կերպ չպիտի վնասեն մեր փոխհարաբերություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button