Մայրիկի դպրոց

Թարմացնում ենք առաջինդասարանցու սննդակարգը. Մայրիկի դպրոց

Մայրիկի դպրոցում հյուրընկալել ենք հավելյալ սնուցման խորհրդատու, սննդային թերապևտ Սաթինե Բարսեղյանին։ Մեր հյուրի հետ քննարկելու ենք հարցեր, որոնք կարող են հետաքրքրել հատկապես առաջինդասարանցիների այն մայրիկներին, որոնք կարծում են, որ իրենց երեխաները ճիշտ չեն սնվում, լավ չեն սնվում և որ դրան շատ նպաստում է նաև դպրոցական կյանքի ռիթմը։

Հարց – Ճիշտ սնվելու մշակույթը ձևավորվում է դեռևս նորածնային շրջանից, և բազմազան, օգտակար սնունդ օգտագործելու հիմքերն էլ դրվում են դեռևս փոքր տարիքից։ Բայց, ենթադրենք չի հաջողվել այդ հիմքերը ժամանակին դնել, և հիմա, երբ երեխան դարձել է դպրոցական՝ առաջինդասարանցի, երբ օբյեկտիվորեն ավելացել է նրա ծանրաբեռնվածությունը, ծնողներին սկսում է ավելի շատ անհանգստացնել այն, որ երեխան նաև վատ է սնվում։ Այդ «վատի» մեջ մտնում է քիչ ուտելը, միօրինակ սնվելը, որոշակի սննդատեսակներ ընդհանրապես բացառելը։

Կան, չէ,՞ երեխաներ, որոնք բազմաթիվ սննդատեսակներ մերժում են, այդ թվում՝ այնքան կարևոր միրգն ու բանջարեղենը, իսկապես վատ են զգում, երբ իրենց ստիպելով կամ թեկուզ աննկատ այդ տեսակները տալիս են․․․

Ս․ Բարսեղյան – Այս դեպքերում առաջին հերթին պետք է հասկանալ, թե կոնկրետ այդ պահին երեխայի սննդակարգը ինչպիսի՞ն է, ծնողը ի՞նչ ուտելիք է տվել մինչև դա, որ հիմա հասկացել է, որ երեխան, ասենք, միրգ ու բանջարեղեն չի ուտում, ու պետք է փորձել սննդակարգը ռեժիմի միջոցով փոխել։

Նաև պետք է օգտագործել հենց այս տարիքի երեխաներին շատ հատուկ ամեն ինչ ուսումնասիրելու, հետազոտելու ցանկությունը։ Բանն այն է, որ առաջինդասարանցիները շատ սիրում են փորձել ինչ–որ բաներ, ուսումնասիրել, հետազոտել, իրենց ամեն ինչ հետաքրքիր է, և քանի որ այդպես է, պետք է սկսել  իրենց հետ փորձել հետազոտել, ուսումնասիրել ու հասկանալ՝ ի՞նչ մթերքներ իրենց դուր կգան։ Ու դա պետք է անել շատ դանդաղ։ Ծնողների ամենամեծ խնդիրն այն է, որ իրենք սպասում են, որ երեխան, ենթադրենք, մինչև վեց տարեկան լոլիկ չի կերել, ու հենց վաղը իրենք ինչ–որ բան են անելու, ու երեխան կուտի այդ լոլիկը։ Բայց երեխան պետք է դանդաղ սովորի էդ լոլիկին, օրինակ, ինքը լվանա այդ լոլիկը, հետո կտրատի, հոտ քաշի․․․ Անգամ շատ մեծեր կարող են պատմել այսպիսի պատմություններ, որ, ա՛յ, էս ուտելիքը ես չէի սիրում, բայց մեծացա, սկսեցի ինքս պատրաստել և իմ պատրաստածն ուտել։

Երեխաների համար հատկապես նոր մթերքներ ընդունելու համար շատ կարևոր է, որ իրենք էդ մթերքի հետ գործողություններ անեն, իրենք կարողանան վերահսկել դրանք ուտելու ընթացքը։ Հաճախ երեխաները չեն ուտում որևէ մթերք, որովհետև իրենք չեն կարողանում վերահսկել ընթացքը։ Մտածում են, որ իրենց դուր չի գա, ուրիշ համ կլինի, իսկ երբ իրենք են վերահսկում այդ ընթացքը, իրենք ավելի հակված են փորձելու, ուսումնասիրելու, ուտելու։

Մեկ այլ տարբերակ է աստիճանաբար նոր համին անցնելը, այն աստիճանաբար ընդհանուր սննդի մեջ մտցնելը, շղթայի նման։ Հենց նույն լոլիկի օրինակով ասեմ։

Երեխան լոլիկ չի ուտում, մենք հաջորդ անգամ մակարոն պատրաստելիս, ասենք, կես գդալ լոլիկի թանձրուկ ենք ավելացնում ճաշատեսակին, բայց երեխային անպայման տեղյակ պահելով։

Դպրոցական երեխայի հետ կարելի է խոսել այսպես․ «Գիտե՞ս, ամեն մեկը չէ, որ կարողանում է միանգամից ինչ–որ բան անել։ Դե, օրինակ, կարդալը․ միանգամից չենք կարողանում, չէ՞, կարդալ, նույնն էլ նոր համին սովորելն է։ Արի միասին սովորենք․․․»

Սննդային վարքի ամենակարևոր գործոններից մեկը ծնող–երեխա փոխհարաբերությունն է։ Սա հիմքն է։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխան նոր մթերքներ ուտի, հակված լինի փորձելու, ապա այստեղ առաջին տեղում մեր փոխհարաբերություններն են մեր երեխայի հետ, և հաղորդակցության մակարդակը։ Եթե ուզում ենք փոփոխություններ, ապա առաջինը մեր հաղորդակցությունն ենք փոխում երեխայի հետ, վստահելի հարաբերություններ ենք ստեղծում․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button