Մայրիկի դպրոց

Օրորոցայիններ, իհարկե, երգեք. Մայրիկի դպրոց

Մեր հյուրի՝ հոգեբան, մանկական քնի մասնագետ Էմմա Արզիևայի հետ շարունակում ենք քննարկել նորածինների քնի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։ Չենք մոռանում հարցնել նաև օրորոցայինների մասին։

«Օրորոցայինները կախարդական նշանակություն ունեն,– ժպտում է մեր հյուրը։ – Մի քանի գործոններ կան, որոնք մեզ օգնում են։ Առաջինը «քնի մանթրա» կոչվածն է, մոնոտոն ելևէջները։ Երկրորդը՝ մայրիկի ձայնն է կախարդական, մայրիկի շնչառությունը։ Այնպես որ, այո, օրորոցայինները միշտ խրախուսվում են»։ 

Հարց – Որքա՞ն հաճախ կարելի է կերակրել նորածիններին գիշերը, որպեսզի նրանց քունը չտուժի։

Է․ Արզիևա – Ծնողներին հաճախ է այս հարցն անհանգստացնում։ Ավելի մեծ տարիքում կերակրումները, իհարկե, պետք է պակասեն, բայց նորածնային շրջանում որքան շատ լինեն կերակրումները, այնքան՝ լավ, որովհետև նորածնային փուլում լակտացիան դեռևս լիովին կարգավորված չէ, իսկ գիշերվա ընթացքում արտադրվում է «պրոլակտին» հորմոնը, որը պատասխանատու է առատ կաթնարտադրության համար։ Ահա թե ինչու երիտասարդ և նորաթուխ մայրիկներին խորհուրդ կտամ կերակրել այնքան, որքան բալիկը կպահանջի գիշերվա ընթացքում։

Հարց – Նույնիսկ եթե դա տասը րոպեն մե՞կ է։

Է․ Արզիևա – Այո, կարող է տասը րոպեն մեկ էլ լինել, որովհետև երեխայի ստամոքսը շատ փոքր է, կաթն էլ դյուրամարս է, և հաճախ բալիկը կարող է շատ արագ մարսել և նորից կերակրվելու կարիք ունենալ։Եվ այս՝ նորածնային փուլում, առաջնորդվում ենք երեխայի պահանջով։

Հարց – Եթե անգամ երեխան գիշերը երկարատև, առողջ քուն ունի, հաճախ է պատահում, որ հանկարծ, անսպասելի ճչոցով արթնանում է, երբեմն՝ հանգստանում, երբեմն՝ շարունակում լաց լինել։ Ցավող տեղ, կարծես, չկա։ Ի՞նչ է պատահել։

Է․ Արզիևա – Սկսենք նրանից, որ նորածիններն ունեն շատ բարձր զգայունակության շեմ։ Ի՞նչ է դա նշանակում․ արտաքին միջավայրի տրիգերները նրանց վրա մեծ ազդեցություն են թողնում։ Երեխան ամբողջ օրվա ընթացքում հավաքում է այդսթրեսածին ազդակները, իմպուլսները և գիշերվա ընթացքում նյարդային լարվածությունից ազատվում է նույն ճչոցի միջոցով, երկարատև լացի միջոցով։ Եթե այս երևույթը՝ վեր թռչել, ճչոցով արթնանալ, հաճախ է կրկնվում, սա ազդակ է, որպեսզի մենք հասկանանք, թե որքան է արթուն մնում երեխան ցերեկվա ընթացքում։ Եթե ցերեկվա ընթացքում կուտակվում է գերլարվածություն, օրինակ՝ մեկ ժամից երկար է արթուն մնում կամ աղմկոտ, մեծ ձայնային ֆոն ունեցող տարածքներում է գտնվում, կարող են այդ իմպուլսները կուտակվել և գիշերվա ընթացքում հիշեցնել իրենց մասին․․․

Շարունակությունը՝ զրույցում

Ցուցադրել ավելի
Back to top button