Զարթուցիչ

Թող նոր օրը խաղաղ ու լուսավոր հանգրվան ունենա նաև մեր սիրելի Արցախ երկրում․ Զարթուցիչ

Հունվարի 31-ը դիմավորում ենք ուրախությամբ, քանի որ Արցախում վերսկսվել են դասերը ու հուսով, որ մեր տարեկիցներն այլևս չեն տուժի ստեղծված դժվարին իրավիճակից։ «Մենք քեզ հետ ենք, Արցախ» կոչով վերջերս հանդես եկան Հայորդյաց Տների սաները։ Համացանցում տեղ գտած նրանց խոսքն ուղղված էր աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, նաև մեր հայրենակիցներին։ Դժվար է հավատալ, որ մեր ժամանակներում էլ մարդիկ կարող են լինել անտարբեր ու անհոգ։

«Այբ» ավագ դպրոցում էլ 2022-2023 ուսումնական տարին հայտարարված է Արցախի տարի և աշակերտները նախաձեռնում են ամեն ինչ տարին թեմայով հագեցած դարձնելու համար։ Դեռ անցյալ տարի աշակերտները հանդես եկան առաջարկությամբ՝ դպրոցի բակում ՀՀ և «Այբ»-ի դրոշների կողքին բարձրացնել Արցախի դրոշը, ինչի իրագործումը ինքնին մեկնարկ տվեց դպրոցում Արցախյան տարվան։ Բայց դա դեռ ամենը չէր, աշակերտներն ունեին այլ, ավելի գործնական նախաձեռնություններ։

Ծրագիրը, որն արդեն իսկ իրականացման փուլում է 11-րդ դասարանցիներ Յուլյա Մարտիրոսյանի, Եվա Մարտիրոսյանի և Մարիա Ղուկասյանինն է։ Այն նպատակ ունի տեղեկություններ հաղորդել արցախյան մի շարք տեսարժան վայրերի և պատմամշակութային կոթողների վերաբերյալ, այսպիսով օգնելով աշակերտներին ավելի լավ ճանաչելու մեր հայրենիքը։

Իսկ 11-երորդցի Նանե Խաչատրյանը հանձն է առել աջակցելու արցախյան պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Համապատասխան հետազոտություն կատարելուց հետո կկազմվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված դիմում-հայտ՝ Արցախի կոթողները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հորդորով։

Թող նոր օրը խաղաղ ու լուսավոր հանգրվան ունենա նաև մեր սիրելի Արցախ երկրում։

Ցուցադրել ավելի
Back to top button