Զարթուցիչ

Այսօր բջջային հեռախոսներից հրաժարվելու օրն է․ Զարթուցիչ

Calend.ru կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 6-ին իրենց մասնագիտական տոնն են նշում բարմենները։ Տոնը կապված է Սուրբ Ամանդ անունով մի առաքյալի հետ, որը, ասում են, ծնվել է փետրվարի 6-ին և համարվել է գինեգործների և գարեջրագործների հովանավորը։

Որքան էլ զարմանալի է, բայց փետրվարի 6-ը նաև բջջային հեռախոսներից հրաժարվելու օր է համարվում։ Նման առաջարկով և նախաձեռնությամբ հանդես է եկել ֆրանսիացի գրող Ֆիլ Մարսոն, որը ներմուծել է Ադիկոֆոնիա տերմինը։ Ադիկոֆոնիա նշանակում է հիվանդագին կախվածություն բջջային հեռախոսներից և սմարթֆոններից։ Այդ մարդիկ տառապում են աշխարհից կտրված լինելու վախով և անգամ կարող են նյարդային խանգարումներ ունենալ։

Մարսոյի խոսքով՝ բջջային հեռախոսներից հրաժարվելու օրը մի նպատակ ունի, որպեսզի մարդիկ մտածեն, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները փոխում հաղորդակցման սովորույթները։ Առաջարկում ենք միանալ բջջային հեռախոսներից հրաժարվելու օրվան ու գոնե մի քանի ժամով մոռանալ սմարթֆոնների մասին։ Փոխարենը կարող ենք զբոսնել մաքուր օդում, սոցիալական ցանցերը թերթելու փոխարեն գիրք կարդալ և վերջապես ոչ թե տեսազանգով շփվել ընկերների հետ, այլ այցելել նրանց։

Իսկ ովքեր սիրում են կրթական ծրագրերի մասնակցել, առաջարկում ենք ծանոթանալ Երևանի թանգարանների հետաքրքիր առաջարկներին։ Կարող եք այցելել Ավետիք Իսահակայանի տուն-թանգարան և մասնակցել «Թանգարանը քո ձեռքերում», «Ինչ է ասում առակը », «Արևի մոտ» կրթական ծրագրերին։ Հայաստանի ազգային պատկերասրահն էլ առաջարկում է մասնակցել «Գորգը կերպարվեստում», «Մինասի գույների կախարդանքը» ծրագրերին։

Ժամանակը հետաքրքիր կանցնի նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ կարող եք մասնակցել «Դասական երաժշտությունը մուլտֆիլմերում», «Ինչպես են ստեղծվում երաժշտական գործիքները», «Ճամփորդենք Խաչատրյանի հետ», «Ճանաչենք երաժշտական ժանրերը» և մյուս ծրագրերին։

Ցուցադրել ավելի
Back to top button