Պստիկաշեն

Ո՞նց են արևն ու լուսինը մնում երկնքում

Այս հարցը, նաև այն, թե որքան մեծ են արևը, աստղերն ու լուսինը, շա՜տ հետաքրքրում է մեր նոր ընկերուհուն՝ Մարիա Գրիգորյանին և նրա ամենամտերիմ ընկերներ Օֆելիին և Ալիկին։ Այս մասին նրանք հաճախ են զրուցում։

Մարիան սովորում է Դ․ Վարուժանի անվան դպրոցում, առաջին դասարանում։ Սիրում է բոլոր այն առարկաները, որոնք առաջին դասարանում անցնում են, բայց նկարչությունը մի քիչ ավելի շատ է սիրում։

– Շատ եմ սիրում նկարել թագուհի, թագուհու տուն, նաև հեքիաթներ կարդալիս շատ նկարներ եմ տեսնում և փորձում եմ նկարել այդ նկարները, – ասում է Մարիան։

Երբ հեքիաթ կարդալիս ինչ-որ բառ չի հասկանում, անպայման հարցնում է մեծերին և, իհարկե, շատ ճիշտ է անում․ թե չէ ո՞նց նոր բառեր կսովորի, կհարստացնի իր բառապաշարը։

– Ուզում եմ լրագրող դառնալ, որովհետև շատ սիրում եմ խոսել։ Ինձ համար հա՛մ հետաքրքիր է խոսելը, հա՛մ էլ՝ չեմ հոգնում, – ասում է Մարիան։

«Մաշան և արջը» Մարիայի ամենասիրելի մուլտսերիալն է։

– Մաշան ինձ շա՜տ նման է՝ աչքերով, մազերով, իսկ բնավորությամբ՝ ոչ․ ես ավելի խելոք եմ, քան Մաշան, – կարծում է Մարիան։

Դե, իսկ ես կարծում եմ, որ ավելի լավ կճանաչեք մեր նոր ընկերուհուն, եթե միանաք մեր զրույցին։

Ցուցադրել ավելի
Back to top button