Մեկնարկ

Մասնագիտություն ընտրելիս երկար մտածել. Մեկնարկ

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանն այս էլ քանի տարի է՝ իրականացնում է մի ծրագիր, որի նպատակը դպրոցականների շրջանում «ֆիզիկա» գիտության և ֆիզիկոսի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է․ խոսքը դպրոցներ այցելությունների, աշակերտների հետ հանդիպումների, զրույցների մասին է։ Հիմա արդեն պրոֆեսորին հաճախ նաև ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներն են ուղեկցում։ Նրանք նույնպես մասնակցում են հադիպումներին, զրուցում դպրոցականների հետ, գիտափորձեր ներկայացնում և պատմում ֆիզիկոսի մասնագիտության մասին։

Ընթացիկ ուսումնական տարում այս այցելությունների աշխարհագրությունն էլ է ընդլայնվել․ Ապարան, Սպիտակ, Ջերմուկ, Կապան, Մեղրի, Քաջարան։ 

Ֆիզիկայով հետաքրքրված աշակերտներին օգնելու համար արդեն 3 տարի է, ինչ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը նաև անվճար պարապմունքներ է կազմակերպում դպրոցականների համար թե՛ առկա, թե՛ առցանց տարբերակով։ Իհարկե, լավ կլիներ, որ այս նախաձեռնությունները ծառայեին նպատակին, և արդյունքում մեծանար ֆիզիկոսի մասնագիտությունն ընտրած պատանիների թիվը, բայց, ինչպես պարոն Հակոբյանն է ասում, մասնագիտության ընտրության հարցում խորհուրդ տալը բարդ է․ պետք է ուղղակի մասնագիտություն ընտրելիս երկար մտածել՝ հետո չզղջալու համար։

Ռ․ Հակոբյան — Ասեմ, որ արդեն տարիուկես է, ինչ երկու շաբաթը մեկ անգամ շաբաթ օրերին ժ․ 19․00–ին մենք կազմակերպում ենք «Զրույցներ գիտնականների հետ»։ Սրանք հեռավար հանդիպումներ են աշխարհի մեր գործընկերների հետ, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր գիտություններին։ Ոչ միայն ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, այլև՝ բոլոր գիտություններին։ Մենք փնտրում, գտնում ենք տվյալ ոլորտի լավ մասնագետների և խնդրում, որ դպրոցականների համար ելույթ ունենան, մատչելի բացատրեն այդ գիտության հմայքը, առավելությունները։

Խորհուրդ կտամ հետևել այդ զրույցներին։ Ցանկացողները ֆեյսբուքով կամ էլեկտրոնային փոստով ինձ նամակ են գրում, ես նրանց էլ․ հասցեն ունենում եմ և հայտարարությունն ուղարկում եմ իրենց և նաև ZOOM լինքն եմ ուղարկում, որպեսզի կարողանան միանալ զրույցին։ Իրականում սա շատ լավ հնարավորություն է, նաև՝ մեծերի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button