Մայրիկի դպրոց

Դպրոց առաջին դասարանցու համար. Մայրիկի դպրոց

Պոտենցիալ առաջին դասարանցիները դեռ մանկապարտեզական առօրյայով են ապրում, իսկ ծնողներն արդեն նրանց մտովի դպրոց են ուղարկում և, պարզվում է, շատ հարցեր ունեն այս փուլի հետ կապված։ Ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս ընտրել դպրոց առաջին դասարանցու համար, ի՞նչը կարևորել հենց ի՛ր՝ երեխայի, և ոչ թե  մայրիկի կամ հայրիկի դիտանկյունից։

Մեր զրուցակիցը հոգեբան Տաթևիկ Աբրահամյանն է։

Տ․ Աբրահամյան – Ասեմ, որ հաճախ ծնողներն սկսում են ավելի շուտ այս հարցով մտահոգվել, քան երեխան կդառնա նույնիսկ 5 տարեկան։ Իմ պրակտիկայում հանդիպել եմ ծնողների, ովքեր մոտավորապես 3–3,5 տարեկանից արդեն սկսում են մտահոգվել, թե մոտ 2 տարի հետո իրենք ինչպե՞ս պետք է դպրոցի ընտրությունն իրականացնեն, ո՞ր դպրոց պետք է տանեն երեխային։ Հարցը, իրականում, ամենահեշտ հարցերից չէ։ Գուցե թվում է, որ, դե՛, ընտրենք մի դպրոց, երեխան գնա այդտեղ, ի՞նչ տարբերություն, թե որն է, միևնույն է, կրթությունը նույնն է, գիտելիքին հասանելիությունը պետք է, որ նույնը լինի։ Բայց, երևի, այդքան էլ այդպես չէ։ Ճիշտ է, մենք ունենք նույնատիպ ծրագիրը, որը մատուցվում է բոլոր պետական հանրակրթական դպրոցներում, ունենք մի փոքր ավելի խորացված ծրագրեր մասնավոր դպրոցներում, և հաճախ ծնողների մոտ այդ հարցադրումն առաջանում է․ գնանք մեր թաղամասում գտնվող տարածքային առումով ավելի մոտ դպրո՞ց, թե՞ սկսենք որոնել ինչ–որ դպրոցներ, որոնք կունենան ինչ–որ առավելություններ կամ ինչ–որ ուղղվածություն, որը հարմար կլինի երեխայի զարգացման համար։

Մի բան, որի վրա կուզենայի, որ ծնողներն ուշադրություն դարձնեն․ շատ հաճախ ծնողներն ընտրում են 6 տարեկանի համար դպրոց՝ մտածելով 18 տարեկան երիտասարդի մասին, այսինքն՝ ընտրում են դպրոցն այն միտումով, որ 18 տարեկանում, երբ երեխան դպրոցն ավարտի, ի՞նչ է անելու։ Այս տեսակետից երբեմն կարող ենք լինել ա՛յս պահի համար սխալական, քանի որ որոշում ենք կայացնում երեխայի ապագայի համար, բայց ժամանակահատվածի հետ կապված մի փոքր շտապում ենք։

Մտածել, որ երեխան 6 տարեկանում գնաց դպրոց, և դրանով կանխորոշվելու է իր ապագան, կարող է վնասել այսօրվա 6 տարեկան երեխային։ Մենք չպետք է մոռանանք երեխայի ներկայի մասին․ որտե՞ղ է երեխան իրեն ավելի հարմարավետ զգալու և լավ զգալու։

Դպրոցն ընտրելու չափանիշների մասին շատ տարբեր նյութեր կարելի է գտնել թե՛ կրթության հոգեբանության, թե՛ ընդհանրապես հոգեբանական գրականության  մեջ։ Իրականում, տարրական դպրոցը կրթությունը սիրելու մասին է։ Տարրական դպրոցում բոլոր ռեսուրսները հնարավորինս դրվում են նրա վրա, որպեսզի երեխաները սիրեն կրթական պրոցեսը, սիրեն սովորելու ընթացքը և հաճույք ստանան դրանից, իսկ եթե մենք ի սկզբանե իրեն դնում ենք մի տեղ, որտեղ ինքը լինելու է անհարմարավետության մեջ, որտեղ իրեն ստիպելու են սովորել, ինքը արդեն իսկ չի ցանկանալու այդտեղ լինել։

Հաճախ, երբ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ընտրել դպրոց երեխայի համար, ես խոսում եմ այն մասին, որ ուշադիր լինեն ուսուցչական մոտեցումներին․ ի՞նչ մանկավարժական մոտեցումներ ունի տվյալ կառույցը։ Խոսքը հստակ որևէ մարդուն ընտրելու մասին չէ, այլ հենց կառույցի մանկավարժական մոտեցումների մասին։ Տարբեր ուսուցիչների մասին կարող ենք տարբեր բաներ լսել․ սա սուբյեկտիվ արձագանք է։ Բայց եթե նայենք կառույցի կրթական մոտեցմանը, այն բանին, թե արդյոք ըստ այդ մոտեցման կրթությունը պետք է հաճույք լինի, հետաքրքիր ընթացք լինի երեխայի համար, և պարզենք, որ կառույցը չունի նմանատիպ մոտեցում, այլ առաջնորդվում է նրանով, որ երեխան պե՛տք է գա, պե՛տք է սովորի և բացառում է երեխայի հուզական լավ վիճակը, ես այս դեպքում կմտահոգվեի մի քիչ։

Առաջին դասարանցիների հետ կապված ես միշտ խոսում եմ այն մասին, թե դպրոցներում ինչ են անում երեխայի ազատ ժամանակը կազմակերպելու համար։ Այ, դասամիջոցներին ի՞նչ են անում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button