Մայրիկի դպրոց

Մեկ օրում ինքնուրույն չեն դառնում. Մայրիկի դպրոց

Հաճախ, երբ երեխան ոտք է դնում դեռահասության աշխարհ, և ծնողների համար էլ անսպասելի սկսվում է միմյանց չհասկանալու, վիճաբանությունների, երբեմն՝ բուռն վիճաբանությունների փուլը, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծող մի պատճառ էլ դառնում է ծնողների հետևյալ հարց–պահանջը․ ե՞րբ ես ինքնուրույն մարդ դառնալու։

Արդյո՞ք ամեն անգամ սա ասելիս մենք՝ մեծերս, շատ լավ ենք պատկերացնում, թե որն է մեր պահանջը մեր երեխայից։ Արդյո՞ք «ինքնուրույն մարդու» մեր և մեր երեխաների պատկերացումները նույնն են, և ինչպե՞ս դաստիարակել ինքնուրույն մարդ։

Այս մասին ենք զրուցում հոգեբան Լուսինե Աղաբեկյանի հետ։

Լ․ Աղաբեկյան – Վստահ չեմ, որ «ինքնուրույն մարդ» ասելով երեխաները հենց նույնն են պատկերացնում, ինչ մենք, որովհետև ինքնին այդ նախադասությունը՝ «ե՞րբ ես ինքնուրույն մարդ դառնալու», բավականին ընդհանրացված է հնչում, և ամեն ծնող գուցե դրա տակ ինչ–որ մի այլ բան է  հասկանում։ Մենք կարիք ունենք շատ ավելի կոնկրետ գործողությունների հետ կապելով, ավելի թիրախային մեր միտքը հնչեցնելու․ օրինակ՝ ե՞րբ ես անկողինդ ինքնուրույն հավաքելու, ե՞րբ ես առանց օգնության տնային առաջադրանքներդ անելու, ե՞րբ ես ինձ օգնելու կենցաղային հարցերում։ Այսինքն՝ ավելի կոնկրետ պետք է լինեն այդ ուղերձները։

Բայց, կարծում եմ, երեխայի դեռահասության շրջանում ծնողները շատ հաճախ հակառակ ուղերձն էլ են տալիս․ հերի՛ք է ինքնագլուխ ինչ–որ բաներ անես։ Չէ՞ որ այս տարիքում շատ սրվում է մեծահասակ լինելու և ինքնուրույն լինելու պահանջմունքը, և ծնողները միշտ չէ, որ դրան պատրաստ են լինում ու գրկաբաց են ընդունում այդ նորությունը և հաճախ սկսում են նաև հակառակվել այդ ինքնուրույնությանը։

Ինչ–որ հարցերում երևի թե իսկապես կարևոր է, որ երեխան ունենա ինքնուրույն որոշելու, որոշումն իրականացնելու, ապա նաև՝ այդ իրականացրած գործողության հետևանքը կրելու հնարավորությունը, պարզապես պիտի հստակ սահմանենք, թե որ տարիքում որ հարցերն են, որոնցում ինքը կարող է լինել ինքնուրույն և ո՞ր հարցերում մենք դեռ վերահսկելու կարիք ունենք։ Կարծում եմ, մենք երբեմն այդպես չենք անում։ Մենք տարիներով երեխային ինչ–որ բաներ թույլ չենք տալիս, հետո մեկ էլ մի օր արթնանում ենք ու սկսում ենք պահանջել ինքնուրույնություն։ Բայց այդպես չի լինում․․․ 

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button